Պենտագոնը հայտարարել է Իրաքում ԻԼԻՊ-ի 2 առաջնորդների ոչնչացնելու մասին
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու բարձրաստիճան ռազմական առաջնորդներ սպանվել են ԱՄՆ-ի գլխավորած հակաջիհադիստական կոալիցիոն ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով:
Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հուլիսի 1-ին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Կուկը: Նրա խոսքով՝ գործողությունն իրականացվել է Մոսուլի մոտակայքում հունիսի 25-ին:
Ինչպես հայտարարել է Կուկը՝ ավիահարվածների հետևանքով սպանվել են «Իսլամական Պետության» զինվորական փոխնախարար Բասիմ Մուհամմեդ Ահմադ Սուլթան ալ-Բաջարին և Մոսուլում ջիհադիստների հրամանատար Հաթիմ Թալիբ ալ-Համունին: Ալ-Բաջարին իր ահաբեկչական գործունեությունը սկսել է դեռևս «Ալ-Քաիդայի» շարքերում և եղել է «Իսլամական Պետության» հրամանատարներից մեկը 2014թ-ին Մոսուլը գրավելու ժամանակ: Նա նաև ղեկավարել է այն գումարտակը, որն հայտնի դարձավ գազային հարձակումներ կատարելու շնորհիվ, կազմակերպել է ականապատված մեքենաների ու մահապարտների միջոցով իրականացված ահաբեկչական գործողություններ:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «ԻԼԻՊ»-ի լիդերների ոչնչացումը կօգնի, որպեսզի Իրաքի ղեկավարությունը ազատագրի Մոսուլը՝ Իրաքի վերջին խոշոր քաղաքը, որը գտնվում է իսլամիստ-ծայրահեղականների հսկողության տակ: