Տարվա սկզբից աշխարհում 74 լրագրող է սպանվել
2016 թվականի սկզբից աշխարհի 22 երկրում 74 լրագրող է սպանվել: Լուրը գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, նշելով, որ նման տվյալներ հրապարակել է Press Emblem Campaign հասարակական կազմակերպությունը:
Կազմակերպությունը ԶԼՄ-ների աշխատակիցների համար «առավել վտանգավոր երկրներ» շարքում է դասել Աղֆանստանը, ( 6 ամսվա ընթացում 10 զոհ), Սիրիան (9), Մեքսիկան (8), Իրաքն ու Եմենը ( 7-ական), Գվատեմալան (5), Հնդկաստանը (4), Պակիստանը (4) և Թուրքիան (4): Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆիլիպինները և Սալվադորը, որտեղ այս տարվա սկզբից սպանվել է 2-ական լրագրող:
Հրապարակված ցուցակում են հայտնվել Սանկտ-Պետերբուրգում սպանված լրագրող Դմիտրի Ցիլիկինը և մայիսին Մոսկվայում սպանված Ազգային լրատվական ծառայություն տեղեկատվական գործակալության խմբագիր Ալեքսանդր Ռուբցովը:
Կազմակերպությունը, որ հրապարակում է այս տվյալները, ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակ ունի: Press Emblem Campaign-ի վարած վիճակագրության մեջ արտացոլված են լրագրողների սպանությունների բոլոր դեպքերը: PEC-ի տեղեկության աղբյուր են ծառայում ԶԼՄ-ների, լրագրողական միությունների և տարբեր կազմակերպությունների հայտարարությունները, այդ թվում՝ ոչ պետականները: Նրանց վիճակագրության մեջ չեն մտնում մասնավոր պայմաններում և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցված մահվան դեպքերը: