Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում
Ապրիլի 4-ին Արցախում ծանր վիրավորված 19-ամյա Ավետիս Զարգարյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա:
«Դանդաղ, բայց առաջընթաց կա: Մերսումներից հետո որդիս զգում է ոտքերը, շարժում է ձեռքը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը:
19-ամյա Ավետիսն արդեն երեք ամիս է` պառկած է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Վիրավորվել է Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին երկու անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:
Հայկազ Զարգարյանը հայտնեց, որ առաջիկա օրերին Ավետիսին սպասվում է նոր վիրահատություն: «Որդուս ծնոտը բազմաբեկորային վիրավորում է ստացել, պետք է վիրահատեն, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս, քանի որ շատ նիհարել է, հյուծված է, պետք է սպասենք: Երբ համեմատաբար իրեն լավ զգա, վիրահատությունն անպայման կանեն»,- ասաց հայրը:
Զարգարյանները Արցախի Գետաշեն գյուղից են: Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են այնտեղից և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Աշխատելու նպատակով երեք տարի առաջ ընտանիքը մեկնել է Ռուսաստան, սակայն Ավետիսը վերադարձել է Հայաստան զինվորական պարտքը կատարելու:
Քառօրյա պատերազմի ժամանակ հատուկ առաջադրանք իրականացնելու ընթացքում հանդիպել են ադրբեջանցիներին և սկսվել է մարտը: «Ավետիսը կոկորդից վիրավորվել է և մինչ օրս չի կարողանում խոսել, դրա համար շատ բան չգիտենք՝ ինչպես է եղել, ովքեր են իր հետ մարտին մասնակցել: Միայն հասկացրել է, որ առաջին վիրավորը ինքն է եղել: Դրանից հետո ոչ մի բան չի հիշում»,- ասաց Հայկազ Զարգարյանը:
Վիրավորվելուց հետո Ավետիսին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Երևան: Ծնողները լուրը ստանալուց հետո եկել են Հայաստան:
«Բժիշկները հույս չէին տալիս, բայց ամեն ինչ անում էին, որդուս փրկեին ու փրկեցին: Այս երեք ամիսների ընթացքում Ավետիսս միայն հոգատարություն է տեսել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բժիշկներին»,- նշեց նա:
Հայր մեծ ցանկություն ունի՝ որդու հետագա բուժումը արտերկրում կազմակերպի.«Եթե հնարավորություն ունենայի, ինքս իմ երեխային կտանեի արտերկիր: Փախստականի ընտանիքի զավակ եմ, 1991 թվականին տեղափոխվել ենք Վարդենիս, մեր քրտինքով ապրել ենք, բայց կուտակած գումար չունենք: Եթե ունենայի ժամ առաջ որդուս կտեղափոխեի: Ես ծնող եմ, ինձ հասկացեք: Երկու տղա ունեմ, բայց իմ մի կեսը ջարդված է»:
Զարգարյանները Ռուսաստան մեկնելու համար վաճառել են Վարդենիսի իրենց տունը, հիմա այստեղ ոչինչ չունեն: Ավետիսի վիրավորվելուց հետո էլ Ռուսաստանում թողել են աշխատանքը և վերադարձել: Հիմա ապրում են բարեկամի տանը, որ վարձ չտան. «Ոչ տուն ունեմ, ոչ աշխատանք, երեխաս էլ այս վիճակում է: Գոնե տղաս լավ լինի, միայն դա եմ ուզում»:
Հիշեցնենք, որ հոսպիտալի վերականդանացման բաժանմունքում այսօր գտնվում է միայն Ավետիսը, իսկ Ռոլանդ Սահակյանին օրեր առաջ տեղափոխել են հիվանդասենյակ:
Ավետիս Զարգարյանին աջակցել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել նրա հոր՝ Հայկազ Զարգարյանի անվամբ բացված հաշվեհամարին՝
Բանկ՝ Յունիբանկ
24100339365900 (ՀՀ դրամ)
24100339365901 (ԱՄՆ դոլար)
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ
- Ժպտացող զինվորն արդեն քայլում է
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան