Էրդողանի ուղերձն «անցած լինի» բնույթի էր, ոչ թե ներողության. Արա Պապյան
Ակնհայտ է, որ Թուրքիան ներկայումս թևակոխել է խիստ անկայուն նոր փուլ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության կողմից զինված պայքարին գումարվել է նաև «Իսլամական պետության» զինված պայքարը:
«Ներկայումս մենք տեսնում ենք Ռուսաստանի ահագնացող մեկուսացումն Արևմուտքից, դրա համար այս երկու մեկուսացող պետությունները՝ Թուրքիան և Ռուսաստանը՝ ինքնստինքյան ձգտում են իրար: Մեզ համար Թուրքիայի մեկուսացումն Արևմուտքից հնարավորություն է ստեղծում, բայց մերձեցումը Ռուսաստանի հետ մեզ համար վտանգներ է պարունակում: Մենք գիտենք Ռուսաստանի քաղաքականությունն ինչպիսին է, սիրաշահելու քաղաքականություն է, իսկ սիրաշահելու համար ինչ-որ բան պետք է տալ կամ զիջել և այն որ Պուտինն ուզում է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, ակնհայտ է»,-նշեց Արա Պապյանը:
Ինչ վերաբերում է Էրդողանի ուղերձին, ըստ նրա այդտեղ չկա ներողություն, պարզապես Էրդողանն ափսոսանք էր հայտնում ՝ զոհվածի ընտանիքին կատարվածի համար. «Ուղերձում օգտագործված բառն ինձ թուրքագետները բացատրեցին, որ նշանակում է անցած լինի, ոչ թե ներողություն: Երբ որ ինչ-որ մեկին ցավակցելիս ասում ենք անցած լինի, դուք ողջ լինեք, այդ բնույթի ուղերձ էր: Բայց, քանի որ Պուտինին շատ էր պետք ինչ-որ հաղթանակ ցույց տալ, դա ռուսական մամուլը ներկայացնում է իբրև ներողություն Թուրքիայի կողմից, բայց պետք է հիշել, որ Թուրքիան պաշտոնապես հերքեց՝հայտարարելով, որ որևէ ներողություն չի եղել»:
Այնուամենայնիվ, այս մերձեցումը, Պապյանի խոսքով, իր մեջ լուրջ վտանգներ ունի, հաշվի առնելով այսպես կոչված լավրովյան ծրագիրը, որն ածանցվում է Կազանի փաստաթղթից:
Լրագրողների հարցին, թե մինչև ու՞ր կգնան ռուս-թուրքական հարաբերությունները և ի՞նչ է կարծում Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարության մասին, թե պատրաստ են Ռուսաստանին տրամադրել Ինջիլրիքի ավիաբազան, Պապյանը պատասխանեց. «Թուրքիան իր այս ամբողջ քաղաքականության մեջ վատ սիրուհու դեր է ստանձնել՝ խանդի տեսարաններ է սարքում: Թուրքիան լավ հասկանում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ իրեն որևէ բան տալու՝ բացի Ղարաբաղից, իսկ Ղարաբաղը Թուրքիայի համար էական չէ, դա Ադրբեջանի խնդիրն է, ինքը կողքից կօգնի: Թուրքիան լավ հասկանում է, որ փողերը, տեխնոլոգիան, պաշտպանությունը, ամեն ինչ գալիս է Արևմուտքից՝ մասնավորապես ԱՄՆ-ից: Ինքը բարձրացնում է Ինջիլրիքի հարցը, որ ավելի կարևորվի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար, այսինքն, եթե այդ բազան տա Ռուսաստանին, նշանակում է՝ պետք է չտա Արևմուտքին: Հենց այդ խաղի վրա է խաղում՝ խանդ է առաջացնում: Թուրքիան այս առումով շատ վտանգավոր խաղ է խաղում, ինչը կարող է աշխատել կամ ոչ: Բայց, ամենայն հավանականությամբ, չի աշխատի, քանի որ վերջ ի վերջո կարող է Արևմուտքին իր այդ պահվածքը զզվացնել: Եվ ասեն գիտես՝ ինչ կա, դու էլ քո Ռուսաստանն էլ, Ինջիլրիքն էլ, մենք այդտեղ քրդական առանձին պետություն կստեղծենք»:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ հասկանում, թե ինչու Պուտինը զիջեց Էրդողանին. թուրքագետ
- Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան