Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից, որտեղ առաջին անգամ մասնակցելով դարձել էր մրցաշարի հաղթող:
«Յուրաքանչյուրի հանդիպման ժամանակ մենք խաղում էինք մեր ամբողջ ուժերով: Եվ գիտեինք, որ ամբողջ Հայաստանն է մեզ երկրպագում: Իհարկե, մեր մրցակիցները բավականին ուժեղ էին, բայց մենք առավել ուժեղ էինք»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ, ասել է հավաքականի անդամ Ամիրան Ամիրխանովը:
Զարեհ Զարգարյանի խոսքով էլ, այս հաղթանակը միայն սկիզբն է, և մենք դեռ ցույց կտանք, թե էլ ավել ինչի ենք ունակ:
Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ ճանաչված Անդրե Սպայթ Մկրտչյանն էլ նկատեց. « Թեպետ մենք պարտվեցինք մրցաշարի մեկ խաղում, սակայն ընդհանուր առմամբ մենք հաջող հանդես եկանք: Մենք իսկապես լավագույն թիմն ենք: Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող»:
«Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի նորընծա չեմպիոններին դիմավորելու էին գնացել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզիկների հայաստանաբնակ հարազատները: