Հարավային Օսեթիայի միջով Հայաստան-Ռուսաստան տարանցիկ ճանապարհ չի լինի ՌԴ-ի միջամտությամբ
Հարավային Օսեթիային չեն դիմել Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար ավտոմայրուղին բացելու խնդրանքով, հետևաբար հանրապետությունում չի քննարկվում տարանցիկ ճանապարհի բացման հարցը: Այս մասին հայտարարել է Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Լենոիդ Թիբիլովը:
«Մեր պետության տարածքով անցնելու խնդրանքով որևէ մեկը մեզ չի դիմել»,-«Asialive.info»-ի փոխանցմամբ, ասել է Թիբիլովը:
Նրա խոսքով, ամեն ինչ կախված է Հարավային Օսեթիայի ու Վրաստանի հարաբերությունների կարգավորումից:
«Վրաստանի հետ այդ հարցը Հարավային Օսեթիան չի քննարկում: Վրաստանն այսօր որևէ բան չի անում, որպեսզի հեռանկարում հնարավոր լինի քննարկել հարաբերությունների բարելավման վերաբերյալ ինչ-որ հարցեր: Այսօր այդ պետության հետ մենք որևէ հարաբերություններ չունենք»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար ԳԱգիկ Բեգլարյանը հայտարարեց, այս պահին վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար:
«Ես ինքս համոզված եմ, որ լինելու է Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև համաձայնություն, որպեսզի Լարսից բացի մենք ունենանք այլընտրանքային ճանապարհ»,-ասել էր Բեգլարյանը, ավելացնելով, որ այսօր Հարավային Օսիայի տարածքով լավ ճանապարհ կա դեպի Ռուսաստան:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հաստատել է, որ տարանցիկ ճանապարհի հարցը Ռուսաստանի հետ քննարկելու համար եղել է Հայաստանի միջնորդությունը, «սակայն Ռուսաստանը բեռնափոխադրումների հարցը կապել է քաղաքական պահանջների հետ, առաջարկելով դրա փոխարեն ճանաչել Հարավային Օսեթիայի Հանրապետությունը, այդ պատճառով էլ գործընթացը սառեցվել է»:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Բեգլարյանը կմեկնի Վրաստան` Վերին Լարսի ճանապարհի հետ կապված
- Գագիկ Բեգլարյան. Վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար