Ռուսական թանգարանը երեք ամսով Տրետյակովյան պատկերասրահին է տալիս Հովհաննես Այվազովսկու 33 կտավ
Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանը Մոսկվա է ուղարկում Հովհաննես Այվազովսկու 33 կտավ՝ նկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացնելու համար: Այսօր Միխայելովյան պալատի դահլիճներն են «լքել» «9-րդ ալիք» և «Ալիք» կտավները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական թանգարանի հավաքածուում կա Այվազովսկու 54 աշխատանք: Մենք Տրետյակովյան պետական պատկերասրահին ենք տալիս 33 աշխատանք»,- ասել է թանգարանի փոխտնօրենը:
Նախատեսված է, որ Տրետյակովյան պետական պատկերասրահում ներկայացվելու է Այվազովսկու 100 գեղանկար և 50 գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսը գործելու է հունիսի 29-ից նոյեմբերի 20-ը:
Տարվա վերջին, երբ Ռուսական թանգարանը կվերադարձնի իր կտավները, կկազմակերպի իր ցուցահանդեսը՝ նվիրված Այվազովսկու հոբելյանին:
Նկարները տեղափոխվում են ֆորգուններով, թանկարժեք կտավների անվտանգությունը տեղափոխման ընթացքում ապահովում են ՆԳՆ-ն աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահը ևս իր ակտիվ մասնակցությունն է ունենալու Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպվելիք ցուցահանդեսին: Ազգային պատկերասրահի հավաքածուից մեծանուն հեղինակի 12 ստեղծագործություն ներկայացվելու է ցուցահանդեսում: Տրամադրվելու են նաև թվային լուսանկարներ, որոնք կօգտագործվեն ծովանկարչի նկարների նոր հանդեսի տպագրության համար:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
- Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան