Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին՝ հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:
«Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ առանց մեր քույրերի ու եղբայրների և մեկ այլ երկիր՝ սփյուռքով: Ակնհայտ է՝ միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների»,-ընդգծել է Նախագահը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին և նրանց մարզիչներին՝ հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար: Հանրապետության Նախագահը կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում փոքր երկրների ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչների հաջողությունները, որով նրանք աշխարհում նաև ավելի ճանաչելի են դարձնում իրենց ժողովուրդներին:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից Նախագահ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է հավաքականի հետագա ծրագրերի և մեր երկրում բասկետբոլ մարզաձևի զարգացման հեռանկարի մասին:
Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա ծրագրերն ու հավաքականի հավակնությունները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ ընդունելության ու ֆեդերացիային ցուցաբերած օժանդակության և ուշադրության համար, որը, նրա համոզմամբ, Հայաստանի հավաքականի հաղթանակի կարևոր խթաններից մեկն է:
Հանդիպման ավարտին Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ ՀՀ Նախագահին նվիրել են ոսկե մեդալ և թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ: