Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Քնեսեթում կամ կտապալվի, կամ էլ կրկին կհետաձգվի. Արմեն Պետրոսյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Իսրայելի խորհրդարանում հուլիսի 5-ին նախատեսված Հայոց ցեղասպանության օրինագծի քննարկման հնարավոր արդյունքների հարցը.
«Այս անգամ ևս Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար լուրջ հիմքեր չկան, այդ երկրի իշխանական վերնախավի մոտեցումներում որևէ շրջադարձային փոփոխություն տեղի չի ունեցել, հակառակը՝ առավել առարկայական են դարձել այն պատճառներն ու խոչընդոտները, որոնք մինչ այս կանգնել են այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ։
2011թ. վերջից նախաձեռնված ամենամյա նմանատիպ պարբերական քննարկումների լավագույն արդյունքը ցայժմ եղել է խորհրդարանի որևէ հանձաժողովում խնդրի հավելյալ քննարկման վերաբերյալ հանձնարարականներն: Այսօրվա քննարկումը դեռևս 2015թ. հուլիսի 8-ին Իսրայելի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի բաց նիստին միաձայն ընդունված՝ բանաձևը խորհրդարանի լիագումար նիստին քվեարկության ներկայացնելու որոշման արդյունքն է:
Բանն այն է, որ մինչև 2013թ. քննարկումների արձագանքը շատ ավելի լայն էր, քանի որ թուրք-իսրայելական հակամարտության ժամանակաշրջանում իսրայելական կողմն օգտագործում էր Հայոց ցեղասպանության խնդիրը թուրքական իշխանությունների դեմ քաղաքական և քարոզչական հարթության մեջ ճնշումներ գործադրելու նպատակով:
Սկսած 2013թ.-ից, երբ մեկնակեց թուրք-իսրայելական հաշտեցման գործընթացը, թեմայի շուրջ քննարկումներն առավել սահմանափակ դարձան՝ հատկապես քաղաքական իշխանության ազդեցությամբ՝ նշված գործընթացին չխոչընդոտելու նպատակով։
Իսկ այս տարի որևէ առարկայական արդյունքներ ակնկալելու հիմքերը շատ ավելի թույլ են, քանի որ արդեն անցած ամսվա վերջին Թուրքիան և Իսրայելը պաշտոնապես հայտարարեցին երկար սպասված հաշտության կայացման մասին: Հետևաբար ակնկալել, որ կողմերից որևէ մեկը կարող է ստվեր նետել հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, ճիշտ չէ:
Առավելագույնը, որ կարելի է սպասել Քնեսեթում ընթացող քննարկումներից, շատ ավելի սուր քննարկումներն ու քննադատական ելույթներն են, ինչի համար առկա է երկու կարևոր հանգամանք՝ նախ բարոյական կողմն, ինչի վրա կարող են ազդեցություն ունենալ անցած մեկ ամսվա ընթացքում նախ ԳԴՀ Բունդեսթագի, ապա՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման իրողությունը»,- նկատեց փորձագետն, ապա հավելեց. «Իսկ քաղաքական տեսանկյունից քննարկման վրա կարող է ազդել այն իրողությունը, որ Թուրքիայի հետ համաձայնության առանձին դրույթների հետ կապված լուրջ դժգոհություն ունի ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» դաշինքը, որը կարող է օգտագործել Հայոց ցեղասպանության թեման՝ հերթական անգամ իշխանություններին քննադատելու նպատակով. մինչդեռ այս առումով էլ առկա է որոշակի ժամանակային սահմանափակում, քանի որ խորհրդարանի օրակարգն այսօր բավական հագեցած է:
Իսկ ընթացակարգային առումով, իրավիճակով պայմանավորված, բանաձևի հեղինակները՝ ձախակողմյան «Մերեց» կուսակցության առաջնորդ Զահավա Գալ-Օնի գլխավորությամբ, կամ կարող են այն ներկայացնել քվեարկության, ինչի դեպքում բանաձևը, մեծ հավանականությամբ, կտապալվի, կամ էլ հերթական անգամ հետաձգել քվեարկությունն անորոշ ժամկետով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան