«Դալան» պատկերասրահում տեղի կունենա Աբաս Քիառոսթամիի հիշատակին նվիրված ցուցահանդես
Հուլիսի 12-17-ը «Դալան» պատկերասրահում տեղի կունենա պարսիկ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի լուսանկարած նկարների ինքնատիպ ցուցահանդեսը՝ «Ճանապարհ» խորագրով՝ նվիրված մեծանուն ռեժիսորի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ պարսիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աբաս Քիառոսթամին 77 տարեկանում մահացել է Ֆրանսիայում: Ռեժիսորը Ֆրանսիայում քաղցկեղի դեմ բուժման կուրսեր էր անցում, սակայն ԶԼՄ-ները չեն հստակեցնում, թե ինչն է եղել նրա մահվան պատճառը:
2005-ին Աբբաս Քիառոստամին «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնում արժանացել էր «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար:
«Խորը կսկիծով իմացանք Հայաստանի և «Ոսկե ծիրան»-ի լավագույն բարեկամ Աբաս Քիառոսթամիի մահվան բոթը: Համաշխարհային կինոարվեստում նրա թողած ժառանգությունն անկշռելի է և դուրս երկրային կյանքի ցանկացած չափումից: Ցավակցում ենք մեծանուն ռեժիսորի ընատնիքին, բարեկամներին և նրա կինոյի սիրահարներին»,- կարդում ենք «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքում:
Լուսանկարները՝ «Ոսկե ծիրան» փառատոնի կայքից: