«Փոքր վիրահատարան»՝ առաջնագծին
ՀՀ զինված ուժերը կհամալրվեն նոր բժշկական նյութերով ու պարագաներով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ առաջիկայում կհատկացվեն ջոկերի սանհրահանգիչների համար նախատեսված պայուսակներ, որոնք համալրված են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով: Դրանք կկիրառվեն ԶՈՒ ռազմաբժշկական ստորաբաժանումներում:
«Պայուսակում կան այնպիսի գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել վիրահատության համար: Կարելի է ասել՝ փոքր վիրահատարան է»,- ասաց Կամավոր Խաչատրյանը՝ հավելելով, որ պայուսակի քաշը 10 կգ է:
Նշենք նաև, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներին կտրամադրվեն անհատական բժշկական փոքրիկ փաթեթներ, որոնք օգտակար կլինեն և զինվորների, և իրենց ծառայակից ընկերներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հարցում:
Կամավոր Խաչատրյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, նշեց, որ անգնահատելի է ռազմական բժիշկների դերը մարտական գործողություններում: Նրանք քառօրյա պատերազմի օրերին հրաշքներ են գործել, առաջնագծից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա անգամ բարդ վիրահատություններ են կատարել:
«Մեր բժիշկների կողմից կատարած աշխատանքը բարձր է գնահատվել և երկրի ղեկավարության, և բանակի ղեկավարության կողմից: Մենք ունենք «Արիության մեդալ»-ով պարգևատրված բժիշկ, ով առաջնագծում, կրակի տակ վտանգելով սեփական կյանքը, զինվորի է փրկել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան