Առողջապահության ոլորտում ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգ
Առողջապահական համակարգում գործող բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, գործնական հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներից և նորամուծություններից հետ չմնալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդնում է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, առանց ժամանակակից գիտելիքներով զինված բժշկական անձնակազմի հնարավոր չէ ունենալ որակյալ առողջապահական համակարգ, հատկապես մեր օրերում, երբ բժշկագիտությունն արագ տեմպերով զարգանում է։
Նրա խոսքերով՝ բժիշկներն իրենց ողջ գործունեության ընթացքում շարունակաբար պետք է կրթվեն, նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերեն` բժշկական նոր տեխնոլոգիաների, գիտական զարգացումների և նորագույն մեթոդների մասին տեղեկացված լինելու և դրանք հնարավորինս կիրառելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-113-Ն օրենքը, որը արմատական փոփոխություններ է նախատեսում բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացման ներկայիս մոդելում` այն համահունչ դարձնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին և մեթոդաբանությանը:
Այսպիսով, ՀՀ տարածքում մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է ունենան Մասնագիտական գործունեության հավաստագիր, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով:
Սամվել Սողոմոնյանը նշեց, որ բուժաշխատողը շարունակական սկզբունքով, մասնագիտական գործունեության ողջ ընթացքում պարտավոր է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները, հաճախելով գիտաբժշկական տարբեր սեմինարների, կոնգրեսների, գիտաժողովների, հրապարակելով գիտական աշխատություններ, հոդվածներ, զբաղվելով ինքնակրթությամբ և հաճախելով հեռաբժշկական առցանց սեմինարների: Այդ բոլորի արդյունքում նա հավաքելու է ՇՄԶ կրեդիտներ, որոնց անհրաժեշտ քանակի առկայությունը հնարավորություն կտա ստանալ մասնագիտական գործունեության հավաստագիր:
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվել է Մասնագիտական հավաստագրման ազգային կենտրոն, որը իրականացնելու է ՇՄԶ միջոցառումների կրեդիտների հաշվառում, բուժաշխատողների հավաստագրում, ինչպես նաև վարելու է ՀՀ բուժաշխատողների էլեկտրոնային ռեգիստրը:
2016 թվականի մայիսից կսկսվել է առաջին բուժաշխատողների հավաստագրումը, իսկ 2021 թվականից սկսած այն բուժաշխատողները, որոնք մինչ այդ հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:
Նա նաև նշեց, որ այն բուժհաստատությունների ղեկավարները, որոնք կթույլատրեն իրենց ղեկավարած կառույցում գործունեություն իրականացնեն չհավաստագրված բուժաշխատողներ, ապա պատասխանատվության կենթարկվեն: Սակայն առաջին պատժամիջոցները կիրառվելու են 2021 թվականին:
Միաժամանակ Սամվել Սողոմոնյանն ասաց, որ ներդրնելով կրեդիտային համակարգը, հին մոդելը դեռ պահպանելու են: «Գիտակցելով, որ ցանկացած նորամուծություն ոլորտում հնարավոր է բախվի որոշակի խոչընդոտների ու առաջացնի դժգոհություններ բուժաշխատողների մոտ, հատկապես՝ ավագ սերունդի, կպահպանենք վերապատարստումների միջոցով կրեդիտները հաշվարկելու տարբերակը ևս»,- ընդգծեց նա:
Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ Հավաստագրման կենտրոնն իրականացնելու է երեք հիմնական գործառույթ՝ հավաստագրման, կրեդիտների տրամադրման և անվանական ռեգիստրի ստեղծում:
Հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկեր չեն տեսնում այստեղ, Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ նման մտահոգություն չունեն: Ըստ նրա՝ վերահսկողություն է իրականացվելու Հավաստագրման կենտրոնի կողմից:
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Հավաստագրման կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը, ներկայացնելով կրեդիտավորման հիմնական սկզբունքները, նշեց, որ դրանց մշակման ժամանակ հիմք է ընդունվել Եվրոպական կրեդիտավորման խորհրդի կողմից պայմաններն ու պահանջները, քանի որ նպատակ ունեն հետագայում սկսել նշյալ խորհրդի կողմից կրեդիտների փոխճանաչման գործընթաց:
Սոնա Սարգսյանը հայտնեց, որ յուրաքանչյուր հնգամյա փուլում բժիշկները պետք է հավաքեն նվազագույնը 220 ՇՄԶ կրեդիտ, բացառություն են դեղագետները ու բժշկական այլ մասնագիտություններով որակավորված բուժաշխատողները, որոնց համար սահմանված է 160 կրեդիտ: Իսկ միջին բուժաշխատողները պետք է հավաքեն 140 ՇՄԶ կրեդիտ և ունենան առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ: Այս դեպքում դեղագետների ու բժշկական այլ մասնագիտություններով որակավորված բուժաշխատողների համար սահմանված է 100 կրեդիտ:
Կրեդիտները տրամադրվում են 3 հիմնական ուղղություններով՝ տեսական գիտելիների զարգացում, գործնական հմտությունների զարգացում և ինքնակրթում։ Բժիշկը պարտավոր է 5 տարվա ընթացքում կրեդիտներ հավաքել բոլոր 3 ուղղություններով:
Սոնա Սարգսյանը նշեց, որ ավագ և միջին բուժաշխատողները կարող են ստանալ տեսական կրեդիտներ հրատարակված գիտական աշխատանքներից, գիտական աշխատությունների պաշտպանության կամ ղեկավարման համար, ինչպես նաև թե Հայաստանում, թե արտերկրում գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների մասնակցությունից: Գործական կրեդիտների շնորհման հիմնական աղբյուրներ են աշխատավայրում մասնագիտական վերապատրաստումներ, գիտական աշխատանքների կատարումն ու դրանց պաշտպանությունը և գիտագործական ակտիվության միջոցնառումներ, ինչպիսիք են վարպետության դասերի իրականացումն ու մասնակցությունը:
Ներդրվել է նաև ինքնակրթության համար շնորհվող կրեդիտներ, որոնք կարելի է ստանալ օնլայն դասընթացների, հեռահար կուրսներին մասնակցության, գիտաբժշկական գրադարանում իրականացվող աշխատանքների ու գիտական աշխատանքների հրապարկման ու դրանց արդյունքների ներկայացման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում