Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության փաստաթուղթը քննարկման փուլում է. Պատգամավոր
Համաձայն պաշտոնական տեղեկությունների, Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության փաստաթուղթը քննարկվում է արտաքին գործերի նախարարությունում: Ամեն անգամ, երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք, մեզ ասում են՝ հենց վերջնական պատրաստ կլինի, կուղարկենք Ազգային ժողով,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլում են գտնվում Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության փաստաթուղթի պատրաստման աշխատանքները:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով»:
Ըստ Թ.Պողոսյանի, բանակցային գործընթացից ելնելով են փորձում պահել հերթական այդ քարտը. «Եթե լինի ապրիլյան գործողությունների նման իրավիճակ, այդ ժամանակ կարող է ակտիվանալ, մեծածավալ պատերազմի վերսկսման դեպքում երևի միանգամից ճանաչում տեղի կունենա»:
Այսինքն, պատգամավորի խոսքով, տարբեր խաղաքարտերի իմաստով պահպանում են:
Միաժամանակ Թ.Պողոսյանն ընդգծեց, որ եթե հայտարարել են նման պայմանագիր կնքելու մասին, պետք է անեն: