Պիպոյան. Տոմսերի թանկացման հետևանքով տուժում են ոչ միայն սպառողները, այլև պետությունը
Հայաստանը Ռուսաստանին միացնող ցամաքային միակ ճանապարհի՝ Լարսի անցակետի փակման հետևանքով այլընտրանք մնացած օդային ճանապարհը խիստ թանկացել է: Նախորդ տարիներին ամռան ամիսներին գրանցվում էր տոմսերի գների 5-ից մինչև 10-20 տոկոս աճ, սակայն հիմա գների աճը բավականին կտրուկ է՝ առանձին դեպքերում մինչև 120 տոկոս:
«Օրինակ, Սոչի-Երևան ուղղության չվերթի տոմսերը թանկացել են ավելի քան 120 տոկոսով: Հասկանալի է, որ այս չափով թանկացումը պայմանավորված է բացառապես Լարսի փակ լինելու հանգամանքով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ստեղծված իրավիճակը, ըստ նրա, կառավության ոչ բովանդակային աշխատանքի հետևանք է: Բաց երկնքի քաղաքականության իրականացման մասին հայտարարությունները ոչ մի դրական փոփոխության չի հանգեցրել:
«Բացի այդ, մենք չունենք ազգային փոխադրող, մշակված չեն ազգային սխեմաները, որոնք հնարավորություն կտան կարգավորել գները»,-առկա բացերը թվարկեց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, լավագույն դեպքում պետք է լինեին բոլոր թվարկածները, վատագույն դեպքում՝ դրանցից գոնե մեկը:
«Եթե լիներ ազգային փոխադրող, գուցե սակագների կարգավորման մեխանիզմների բացակայությունը կարելի էր: Եթե ունենայինք լուրջ բիզնես միջավայր, բաց երկինք, այդ դեպքում էլ գների կարգավորման բացակայությունը էլի կարելի էր հասկանալ: Իսկ այս պարագայում գների կարգավորման մեխանիզմների առկայությունն անհրաժեշտություն է»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Ոլորտում մրցակցության ու բաց երկնքի բացակայության, ազգային փոխադրողի, գների կարգավորման վերաբերյալ մեխանիզմների չլինելու, Լարսի փակ լինելու պայմաններում շուկայում մենաշնորհ ունեցող ռուսական ավիաընկերությունները, ըստ Պիպոյանի, եկել են հանցավոր համաձայնության՝ տոմսերի թանկացման շուրջ:
«Ստեղծված իրավիճակում խնդրի կարգավորման գործառույթը պետք է լինի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովինը: Բայց էլի եմ կրկնում, դա պետք է լինի ամենավերջին գործիքը: Պետական դիրքորոշումը ստեղծված իրավիճակում տեսնում ենք բոլորսայլ բոլոր ոլորտներում՝ սկսած Լարսում մնացած քաղաքացիներին օգնության տրամադրումից մինչև ավիատոմսերի գների կարգավորում»,-ասաց նա:
Խախտված իրավունքների վերականգնման համար այս պարագայում սպառողները չեն կարող ինքնուրույն պայքարել. «Սա այն բացառիկ դեպքերից է, երբ սպառողը պետք է հույսը դնի պետական աջակցության վրա: Իրազեկվածության շնորհիվ մենք կարողանանք խնդիր լուծել»:
ՀԿ նախագահն ընդգծում է, որ այս պարագայում տուժում են ոչ միայն քաղաքացիները, այլև պետությունը: Ամռան ամիսներին արտերկրում աշխատող ու ապրող հայրենակիցների հոսքը Հայաստան ակտիվանում էր, նրանք նաև հանգստանալու նպատակով ավտոմեքենաներով գալիս էին Հայաստան ու բավականին փող ծախսում երկրի ներսում: Այս պարագայում գործ ունենք ահռելի կորուստների հետ:
«Մեծ քանակությամբ մարդիկ չեն եկել Հայաստան, ավտոմեքենայի ճանապարհը փակ է, տոմսերն էլ թանկացել են: Չորս հոգու պարագայում արդեն ինքնաթիռի վրա ծախսելու են այնքան գումար, որքան ի սկզբանե պլանավորել էին ծախսել հայրենիքի ներսում: Մի օրինակնշեմ: Մի քանի հարսանյանց հանդեսների նշանակված օրեր արդեն հետաձգվել են, քանի որ հրավիրված հարազատները չեն կարողացել Երևան հասնել»,-ասաց նա:
Նշենք, որ տոմսերի թանկացման վերաբերյալ դեռևս որևէ պետական մարմին մեկնաբանություն չի ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան