Աբխազիա ժամանած զբոսաշրջիկները շտապ հավաքում են ճամպրուկները
Սուխումիում հուլիսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հանգստանալու եկած զբոսաշրջիկները շտապ հավաքում են ճամպրուկները: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Աբխազիայի առողջարանային ու զբոսաշրջության հարցերով նախարար Աֆթանդիլ Գարցկիյան:
Նա նշել է, որ երկրում առողջարանային ու հանգստի եռուն շրջան է, և շատ քաղաքացիների համար սա գումար աշխատելու միակ հնարավորությունն է: Այդ միջոցներով նրանք ապրում են ողջ տարին:
«Այսօր մենք տեղեկատվություն ստացանք, որ շատ հյուրանոցներում զբոսաշրջիկները հավաքում են իրենց ճամպրուկները»,-ասել է նախարարը:
Նա Աբխազիան լքել ցանկացող տուրիստների թվեր չի հրապարակել: Նախարարը հայտարարել է, որ հուլիսի 5-ին տեղի ունեցածը վերաբերում է ներքաղաքական հարցերին, ուղղված չէ օտարերկրացի զբոսաշրջիկների դեմ: Նա ավելացրել է, որ որևէ տուրսիտի «գլխից մեկ մազ անգամ չի պակասի»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Աբխազիայի «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցությունն արտահերթ նիստում բանաձև է ընդունել, որով պահանջում է աշնանը նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնել: Կուսակցությունը պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ հանցածգործությունների ու մարդկանց սահմանադրական իրավունքների խախտումների թիվն ավելացել է: Դրանից հետո ընդդիմադիր գործիչները մի քանի ժամ բողոքի ակցիա են իրականացրել ՆԳ նախարարության շենքի դիմաց:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան տեղի ունեցածը որակել է որպես երկրի իրավիճակն ապակայունացնելուն ուղղված փորձ: Ցուցարարները ցրվել են միայն ՆԳ նախարարի՝պաշտոնից ազատման մասին հայտարարությունից հետո: Նա ազատվել է պաշտոնից մինչ Գլխավոր դատախազության կողմից ստուգումների ավարտը: