«Արամի տունը կիսավեր է, անտեսված». ահազանգ
Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի տունը կիսավեր է, անտեսված՝ թե պետական մարմինների կողմից, թե հանրության և գտնվում է վթարային վիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց «Գրադարան» նախաձեռնության անդամ Ռադիկ Կարապետյանը:
«Արամի 9 հասցեում գտնվող Արամի տունը մտնում է «Հին Երևան» նախագծի մեջ՝ ըստ որի պահպանվելու է միայն ճակատը, սակայն գտնում ենք, որ տունը չունի ճարտարապետական խնդիր, այլ ունի պատմական խնդիր, դա մեր ազգային պատվախնդրության հարցն է, մենք գործ ունենք մեր հանրապետության հիմնադրի տան հետ, նա երկրորդական-երրորդական անձ չէ, մենք ունենք մեր զորավարներից շատերի տուն-թանգարանները, բայց հանրապետության հիմնադիրը բացի զորավար լինելուց նաև քաղաքական լիդեր էր, ում ուսերին էին ոչ միայն Վանի հաղթանական ինքնապաշտպանությունը, այլև Մայիսյան հերոսամարտերը»,-ասաց Ռադիկ Կարապետյանը՝ նշելով, որ սա ահազանգ է ողջ ժողովրդին:
Նախաձեռնության անդամը հայտնեց, որ տան վերաբերյալ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, մշակույթի նախարարին, քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետին, ինչպես նաև «Հին Երևան» նախագծի պատասխանատուներին:
«Դեռևս որևէ արձագանք չենք ստացել, արձագանքի դեպքում էլ դրական պատասխանի չենք սպասում, քանի որ մեր իշխանությանը հարիր է բարդ ստորադասական նախադասություններով անորոշություններ պատասխանել, մենք ուղղակի բաց նամակը առաջին հերթին ուղղել ենք նրա համար, որ հանրության ուշադրությունը կենտրոնանա Արամի տան վրա»,-ասաց Ռադիկ Կարապետյանը:
Panorama.am-ի հարցին, թե այդ դեպքում, ո՞րն է լինելու նախաձեռնության հետագա անելիքը, շենքը փրկելու համար, նա պատասխանեց. «Հետագայում փորձելու ենք ստորագրահավաքի միջոցով խնդրին ինչ որ լուծում տալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան