Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնը շարունակում է համագործակցել Հայաստանում օտարերկրյա առաքելությունների հետ, համագործակցությունն աճում է և տալիս նոր պտուղներ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Նա նշեց, որ փառատոնի շրջանակում ներկայացվելու են գերմանական, ֆրանսիական, ռուսական, լեհական լավագույն և նոր ֆիլմերը, լինելու է անգլիացի հանրահայտ գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակին նվիրված «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կիրականացվի «Գերմանակական կինոյի օր»: Ծրագիրը կներկայացնի գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Կցուցադրվի Աննե Զոհրա Բերախեդի Բեռլինալեի մրցութային ծրագիրց՝ «24 շաբաթ» ֆիլմը։ Այս տարի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ կներկայացվի նաև գերմանահունգարացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ «Ճակատագիր», «Մայրամուտ», «Անկում», «Քաղցրավենիք»: Մարեն Ադեի՝ գերմանական արտադրության «Թոնի Էրդման» ֆիլմը ներկայացված է Միջազգային խաղարկային մրցույթում։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է ՖիպրեսսԻ ժյուրիի մրցանակին։
Փառատոնին ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ փառատոնի կազմակերպիչները պրոֆեսիոնալ են, կազմել են մեծ ու հետաքրքիր ծրագիր, փառատոնի շրջանակում ներկայացվելու են հեղինակավոր ֆիլմեր:
Ըստ նրա, Գերմանիան շահագրգռված է, որ գերմանական արտադրության ֆիլմեր ներկայացվեն փառատոնին:
«Այս փառատոնը մեկն է այն մշակութային խոշոր իրադարաձություններից, որոնք էլ ավելի են մեծացնում Հայաստանի անունը, հռչակն աշխարհում»,- ասաց դեսպանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվի համատեղ նախաձեռնություն: Մասնավորապես, տեղի կունենա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմեր: Հուլիսի 15-ին կինոծրագրի բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015) ֆիլմով: Ներկայացվելու է նաև «Աննա» (ռեժիսոր Ժակ Տուլըմոնդ), «Մի գնդակով երկու նապաստակ», (ռեժիսոր՝ Ֆեժրիա Դելիբա) ֆիլմերը: Միջազգային խաղարկային մրցույթում ներառված է Միա Հանսեն-Լյովեի «Գալիք» ֆիլմը` Իզաբել Յուպերի դերակատարմամբ։
«Ամեն անգամ մեծ հաճույք է մասնակցել «Ոսկե ծիրան» փառատոնին, որն ամեն տարի իր շուրջն է համախմբում կինոյի սիրահարներին և այն էլ տարվա այն եղանակին, երբ հայկական ծիրանի բույրը մեզ ուղեկցում է ամենուրեք»,- ասաց ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆեյը:
Ըստ նրա, փառատոնի շրջանակում հանդիսատեսը կարող է տեսնել համաշխարհային կինոաշխարհի ստեղծագործությունների բազմազանությունը մրցութային 43 ֆիլմով 37 երկրից:
«Մշակութային բազմազանության խրախուսումը մեր դիվանագիտական գործունեության կարևոր սկզբունքներից է: Եվ շատ բնական է, որ մեր դեսպանությունը վաղուց ի վեր համագործակցում է փառատոնի հետ: Այս տարի ևս ֆրանս-հայկական համագործակցությունը դրսևորվեց ֆրանսիական ծրագրի բարձորակ և հարուստ ընտրությամբ»,- նշեց նա:
Փառատոնի ընթացքում տարբեր կատեգորիաներում՝ խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր և այլ ծրագրեր, ներկայացվելու է ֆրանսիական և ֆրանսիական համատեղ արտադրության 12 նոր ֆիլմ:
«Ոսկե ծիրան»-ը Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ համատեղ, կներկայացնի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները՝ ռեժիսոր Լորենս Օլիվյեի «Համլետ» (1948), ռեժիսոր Քենեթ Բրանայի «Համլետ» (1996), Փիթեր Բրուքի «Լիր Արքա» (1971), Ռոման Պոլանսկու «Մակբեթ» (1971), Փիթեր Գրինըուեյի «Պրոսպերոյի գրքերը» (1991), Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո և Ջուլիետ» (1968), Դերեք Ջարմենի «Փոթորիկ» (1979) ֆիլմերը:
Ասուլիսին ներկա Հայաստանում Բրիտանական խորհրդից Նարեկ Թովմասյանն ասաց, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, Հայաստանում Բրիտանական խորհուրդը համագործակցում են փառատոնի հետ հիմնադրման օրվանից, ինչի համար հպարտ են ու երջանիկ:
«Հետաքրքիր, հրաշալի ծրագիր ենք ընտրել՝ ներկայացնելով Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնք տարիների ընթացքում արժանացել են բոլոր հնարավոր մրցանակներին»,- նշեց նա:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի ռուսական կենտրոնը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը:
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը նշեց, որ 2016-ին Ռուսաստանում հայտարարված է կինոյի տարի, և իրենց համար շատ կարոևր է, որ ռուսական կինոն ըստ արժանվույն ներկայացվի ոչ միայն հենց ՌԴ սահմաններում, այլ նաև արտասահմանյան շատ հայտնի հարթակներում:
««Ոսկե ծիրան» կինոփառատանը, մեր կարծիքով, ամենավառ, հաջողված փառատոներից է նվազագույնը ԱՊՀ տարածքում»,- նշեց նա:
«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի օր»: Կցուցադրվի Լոկառնոյի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան