Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, մասնավորապես, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Մաքսիմ Սոկոլովին և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ սելաֆների հետևանքով Վերին Լարսի անցակետի շրջանում արգելափակված Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերած օգնության և նրանց ավիափոխադրումը կազմակերպելու համար:
Իր խոսքում վարչապետը գոհունակությամբ նշել է, որ ընդհանուր առմամբ, աշխատանքային օրակարգը կատարվել է, ինչին նաև նպաստել են տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում օպերատիվ կերպով լուծում են ստացել բազմաթիվ հարցեր և ավելացրել, որ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպել է ընթացիկ տարվա սկզբին Երևանում և դիտարկել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, քննարկել ենթակառուցվածքային նախագծերի և ծրագրերի հեռանկարները:
Վարչապետի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով՝ վարչապետը կարևորել է տարածաշրջանների միջև ուղիղ կապերի հաստատումը և այդ համատեքստում ընդգծել է հայ-ռուսական ապակենտրոնացված հարաբերությունների դերը և Երևանում հաջողությամբ անցկացված 4-րդ միջտարածաշրջանային ֆորումը, առանձնացրել նաև հումանիտար՝ կրթական և մշակութային կապերը, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում հայ-ռուսական հարաբերություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան