Ռուսական շուկայում նույն որակի հայկական կոնյակներն ավելի էժան են վաճառվում, քան վրացականը. Ավագ Հարությունյան
Հայաստանում գինեգործությունը զարգանում է, նոր ընկերություններ են բացվում, հներն էլ բարձրացնում են որակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Հայաստանն այլևս հին Հայաստանը չէ գինու որակի առումով»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է արտադրության ծավալներին, ապա, ըստ Ավագ Հարությունյանի, եթե խոսում են պաշտոնական տվյալներով, ապա 2016 թվականի առաջին 5 ամիսներին՝ 2013 թվականի նկատմամբ օղու արտադրությունն աճել է 5%-ով, կոնյակինը՝ 8%-ով, գինու ծավալները՝ 20%-ով, գարեջրինը՝ 28%-ով:
2015 թ-ի համեմատ այս տարվա հունվար-մայիս ամիսներին օղու արտադրությունը նվազել է 10%-ով, գարեջրինը՝ 12%-ով, իսկ կոնյակի ու գինու արտադրության ծավակներն աճել են, համապատասխանաբար՝ 56 և 11 տոկոսով:
«Մենք առնչվում ենք մի նոր երևույթի հետ, որ պաշտոնական թվերով աճ ունենք, ինչը ճիշտ է, սակայն ունենք իրականություն, որը հակառակի մասին է ասում, ինչը ևս ճիշտ է: Ըստ մեր տեղեկությունների, որոնք պաշտոնական չեն, բայց կարծում եմ հավաստի են, աճը քանակական առումով զրո տոկոս է, իսկ արժեքի առումով՝ մինուս 25-30 տոկոս: Այսինքն՝ գինու և կոնյակի շուկայում մտել են խաղացողներ, որոնք օրենք չխախտելով՝ իրականացնում են ներմուծումներ, արտահանումներ, ինչի արդյունքում կա արժեքի, ծավալների մեծացում, բայց դա տնտեսության վրա ազդեցություն չունի»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ, ովքեր ապահովում են այդ աճը, կապ չունեն խաղողի մթերումների, բյուջեի կատարողականի հետ:
Անդրադառնալով արտահանման ցուցնաիշներին՝ Գինեգործների միության նախագահը նշեց, որ ռուբլու արժեզրկումը բացասական ազդեցություն է ունեցել հատկապես կոնյակի արտահանման վրա: Ըստ նրա՝ եթե նախկինում հայկական 3 տարեկան կոնյակը արտահանվում էր 3,5 դոլարով, հետո արգելեցին կամ չկարողացանք ռուբլու արժեզրկումից հետո 3,5 դոլարով վաճառել, հիմա վաճառվում է 2,5 դոլարով:
«Այսինքն՝ հայ արտադրողները աշխատում են շուկան չկորցնել ու լուրջ շահի մասին խոսելն անհնար է, նույնիսկ վնասով են աշխատում»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը չկարողացավ արժանավայել դուրս գալ այս իրավիճակից և այսօր ռուսական շուկայում նույն որակի հայկական կոնյակներն ավելի էժան են վաճառվում, քան վրացականը, ադրբեջանականը, դաղստանյանը:
«Մարդ տարակուսում է՝ իմիջն ո՞ւր մնաց, իհարկե, բացառությամբ մի 2 արտադրողների, որոնք կարողացան պահել գները, բայց ոչ այնքան, որ շահույթ ունենային»: