Արծվիկ Մինասյանը՝ ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման մասին
Ծառայությունների մատուցման, ինչպես նաև ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու առումով Հայաստանը լուրջ վերանայումների կարիք ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, մասնավորապես՝ ավիատոմսերի գների բարձրացմանը:
«Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, սա մտահոգիչ է` նկատի առնելով հանգամանքը, որ էկոնոմիկայի նախարարությունը կարճ ժամանակ է, որ ստանձնել է այդ գործառույթը: Մենք թե կարողությունների հզորացման, թե համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա թե էկոնոմիկայի նախարարության, թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նման քննարկումներ արդեն իսկ նախաձեռնել են:
Նախարարի խոսքերով՝ ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման խնդիրն առկա է նաև այլ երկրներում, նույնիսկ զարգացած երկրները ավիափոխադրումների ոլորտում բախվում են թաքնված դեմպինգային գործողությունների, որի հետևանքը լինում են կամ սպառողների իրավունքների ոտնահարումը, կամ շուկայում մրցակցային վիճակի խաթարումը»,-ավելացրեց նախարար Մինասյանը: