Երևանում կատարված դաժան սպանության փաստի առթիվ քրգործ է հարուցվել
Երևանում այսօր լուսադեմին կատարված դաժան սպանության և մարմնական վնասվածքներ հասցնելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախնական քննության տվյալներով` հուլիսի 08-ին, ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 35-ամյա Վ. Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ և այլ առարկաներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:
Նշված հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ.Մարտիրոսյանը ձերբակալվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին