Որքա՞ն է կազմում Լարսում փչացած բերքը, արդյոք գյուղացիներին փոխհատուցում սպասվում է. հարցեր նախարարին
Վերին Լարսի ճանապարհի փակ լինելը, այն էլ այս ժամանակահատվածում, բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե որքա՞ն վնաս է հասցվել տնտեսությանը, նախարարը նշեց, որ թվային պատկեր հիմա չի կարող ներկայացնել, բայց ազդեցությունը բացասական է. «Ակնհայտ է, որ ազդում է առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների վրա, բայց պետք է փորձենք հնարավորինս մեղմացնել այդ բացասական ազդեցությունը»:
Հարցին, թե որքան է կազմում փչացած բերքը, արդյոք գյուղացիներին փոխհատուցում սպասվում է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ կա Արտահանման ապահովագրման պետական ծառայություն, որտեղ արտահանման դեպքում ապահովագրվում են արտահանողները՝ երրորդ կողմի չվճարման ռիսկից: Սակայն, եթե ընթացքում տեղի են ունենում գործողություններ, որոնք կապված չեն երրորդ կողմի ռիսկային դրսևորումների հետ, այս պահին դրանց առնչությամբ չունեն փոխհատուցման համակարգ. «Դա բավականին ծախսատար ու շատ լուրջ բեռ է: Դրա փոխարեն քննարկում ենք այնպիսի համակարգերի ստեղծումը, որոնք թույլ կտան ավելի երաշխավորված ու անվտանգ ձևով բեռների տեղափոխումը, այդ թվում` սառնարանային պայմաններով»:
Անդրադառնալով Վերին Լարսից բացի այլընտրանքային ճանապարհների որոնմանը, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ երեկ վարչապետը հանձնարարել է քննարկումներ իրականացրել լրացուցիչ ուղղություններով հեշտացնելու ապրանքների արտահանումը Հայաստանից:
«Մենք հիմա մի քանի լրացուցիչ տարբերակներ ևս ուսումնասիրում ենք, փորձում ենք կիրառել կամ օգտագործել ԵՏՄ հնարավորությունները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բեռնափոխադրումը օդային եղանակով իրականացնելու համար, բայց այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը լինի, ինչպես նաև հաշվի առնելով սեզոնայնությունը: Բնականաբար, դա կլինի մատչելի վճարի դիմաց»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է սեփական լաստանավ ունենալու առաջարկին` Արծվիկ Մինասյանը նշեց, որ այլընտրանքային ճանապարհների հարցերը պահանջում են խորքային ուսումնասիրություններ և աշխատանք:
«Հենց այնպես սեփական լաստանավ ունենալը, ցանկություն ունենալը քիչ է: Անհրաժեշտ է բոլոր գործողությունները ճշգրիտ հաշվարկել»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարի հետ առաջիկայում քննարկումներ պետք է իրականացնեն, քանի որ երկու նախարարությունների իրավասության տիրույթում է այդ հարցը: