Վրաստանի կուսակցությունները ՆԱՏՕ-ին անդամագրվելու աջակցության մասին փաստաթուղթ են ընդունել
Վրաստանի խորհրդարանի քաղաքական ուժերն ընդունել են փաստաթուղթ ՆԱՏՕ-ին անդամագրվելու աջակցության վերաբերյալ: Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, հռչակագրում նշվում է, որ փաստաթղթի ներքո ստորագրած քաղաքական ուժերը, չնայած քաղաքական տարաձայնություններին, միասնական դիրքորոշում ունեն այն հարցի վերաբերյալ, որ Վրաստանը սուվերեն, անկախ պետություն է, վրաց ժողովուրդը հավատարիմ է եվրոպական ժողովրդավարության կառուցմանը, և որ Վրաստանը ձգտում է դառնալ Հյուսիսատլանտային դաշինքի լիիրավ անդամ:
«Վրաստանը ցանկանում է նշանակալի դեր խաղալ եվրոատլանտյան հանրությունում՝ բերելով իր սեփական ավանդը հավաքական անվտանգության, ժողովրդավարության և բարեկեցության գործում»,-ասված է փաստաթղթում:
Կուսակցությունները նշել են. «Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը լի է տարածքային պահանջներով, որը աշխարհագրորեն մոտ է ընթացող ռազմական հակամարտությունների գոտուն: Միաժամանակ մեր դիրքը շատ կարևոր է՝ լոգիստիկ ու էներգետիկ միջանցք Արևելքի ու Արևմուտքի միջև»:
Քաղաքական ուժերը նշում են, որ Վրաստանը հավատարիմ է բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը, ազատ առևտրի իրականացմանը, երկխոսությանը, վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
«Մենք երբեք հարևանի նկատմամբ առաջինը չենք ուժ գործադրել, միաժամանակ մենք հավատարիմ ենք Վրաստանի ինքնավարության ու տարածքային ամբողջականության պահպանմանը: Մենք ակնկալում ենք Ատլանտյան դաշինքի մեր գործընկերների աջակացությունը, որպեսզի Վրաստանը կարողանա լիակատար ինտեգրվել ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին ու եվրաատլանտյան այլ կառույցներին»,-ասված է փաստաթղթում:
Դրա ներքո ստորագրել են երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, «Վրացական երազանք»-ը, Հանրապետականները, Պահպանողականներ, «Ազգային ֆորում»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Ազգային Միասնական շարժում»-ը: