Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել, թե ինչու են թանկացել ավիատոմսերը
Լարսի անցակետի փակման հետևանքով ավիատոմսերի գների շեշտակի բարձրանալու վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
«Ավիատոմսերի թանկացման վերաբերյալ հանձնաժողովը որևէ բողոք չի ստացել: Բայց մամուլի հրապարակումների հիման վրա սեփական նախաձեռնությամբ դիմել է Ռուսաստանմի Դաշնության հակամարցակցային ծառայությանը, ինչպես նաև ԵԱՏՄ հակամենաշնորհային հարցերով կարգավորման հանաձնաժողովին համատեղ վարույթ իրականացնելու խնդրանքով»,-նշեց հանձնաժողովի ներկայացուցիչը:
Սահակյանը բացատրեց, քանի որ Հայաստանից ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունները ռեզիդենտ են՝ հիմնադրված այլ պետություններում, ԵԱՏՄ նոր կանոնակարգի համաձայն նման ընկերությունների գործունեության վերաբերյալ որևէ ուսումնասիրություն պետք է իրականացվի համատեղ:
«Ուսումնասիրությունն ընթացքի մեջ է: Դրա ավարտից հետո կհայտարարենք արդյունքների մասին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Լարսի անցակետը փակվել էր հունիսի 23-ից: Դրան հաջորդող օրերին ՌԴ տարբեր քաղաքներ թռիչքների տոմսերի գները կտրուկ թանկացել են: Կարծիք կա, որ ռուսական ավիաընկերությունները եկել են հանցավոր համաձայնության՝ տոմսերի թանկացման վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ-ն այս պահին չի պատրաստվում ուսումնասիրել տաքսի ծառայությունների շուկան
- Պիպոյան. Տոմսերի թանկացման հետևանքով տուժում են ոչ միայն սպառողները, այլև պետությունը