Ֆուտբոլային մրցաշար Ջավախքում` նվիրված Արցախում զոհված Տիգրան Բերակչյանին
Ջավախքի Լոմատուրցխ գյուղում անցկացվել է ապրիլյան մարտերի ժամանակ Ջաբրայիլում զոհված Ջավախքի զավակ, արմատներով լոմատուրցխեցի, ժամկետային զինծառայող 19-ամյա Տիգրան Բերակչյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար։ Այս մասին գրում է «Ջավախք ինֆո» կայքը:
Լոմատուրցխի գյուղապետ Աղվան Բերակչյանի խոսքով, քառօրյա պատերազմում հայրենիքի համար մարտնչող 20-ամյա Տիգրանի մահը շատ է ազդել ջավախահայ երիտասարդությանը, և այս մրցաշարի նպատակը նրանց հոգում ազգասիրության, հայրենանվիրության զգացման առավել խորացումն է, միասնականության ամրապնդումը՝ Տիգրան Բերակչյանի հիշատակը հարգելով և նրա անունը հավերժացնելով։
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, խոսքն ուղղելով Տիգրանի հայրիկին՝ Հենդրիկ Բերակչյանին, ասել է․ «․․․Դուք չպետք է շնորհակալություն հայտնեք, որ այստեղ կազմակերպել ենք նման միջոցառում։ Ո՛չ։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք ձեզ, որ այդպիսի երիտասարդ եք դաստիարակել: Ախալքալաքցիներից բազմաթիվ երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին մեկնել ռազմաճակատ։ Ջավախքցիներից շատերը՝ հանձին Տիգրան Բերակչյանի, շարունակեցին ծառայել խրամատներում, և իր կյանքի գնով վերջինս կարողացավ պաշտպանել․․․ »։
Տիգրան Բերակչյանը շուրջ 10 օր համարվել է անհետ կորած: Տիգրանի հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին:
Լուսանկարները՝ «Ջավախք ինֆո»-ից: