ՏՄՊՊՀ-ն այս պահին չի պատրաստվում ուսումնասիրել տաքսի ծառայությունների շուկան
Մտահոգություններ կան, որ հայաստանյան շուկա օրեր առաջ մուտք գործած «Yandex Taxi» ծառայությունը դեմպինգ է իրականացնում: Ծառայությունից օգտված սպառողները ցածր գներից գոհ են, բայց միաժամանակ ահազանգում են, որ տնտեսվարողը շուկայում եղածներին դուրս մղելու քաղաքականություն է իրականացնում, ինչից հետո ցույց կտա իրական դեմքը:
Տաքսի պատվիրած ու ծառայությունից օգտված քաղաքացիները նշում են, որ մինիմալ գինը, իսկապես, 100 դրամ է: Լրագրող Արշալույս Մղդեսյանը գրել էր վարորդը պատմածը, ամեն պատվերից 400 դրամ է ստանում:
Արձագանքելով գործընկերոջ գրածին, տնտեսագետ, տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը նշել էր. «Եթե վարորդը ճիշտ է ասել, ուրեմն էս ընկերությունը ամեն պատվերից զգալի վնաս է կրում։ Ինչի՞ համար։ Որ շուկան գրավի։ Իսկ սա դասական դեմպինգ է, որն արգելված է։ Նոր ընկերության մուտքը վատ բան չի, բայց եթե արդար են խաղում»:
Նրանք երկուսն էլ հույս են հայտնել, որ խնդրին կմիջամտի Արտակ Շաբոյանի ղեկավարած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Panorama.am-ին ասաց, որ այս պահին իրենք չեն պատրաստվում ուսումնասիրություն անցկացնել, քանի որ դրա համար հիմքերը չկան:
«Նախ այդ տաքսի ծառայությունը 2-3 օր է այստեղ աշխատում, ի՞նչ դեմպինգի մասին կարող է հիմա խոսք լինել, երրորդը՝ հանձնաժողովը ոչ մի դիմում չի ստացել, չորրորդը՝ հանձնաժողովը տաքսիների ոլորտում ընդհանրապես լիազոր մարմին չէ, էկոնոմիկայի նախարարությունն է զբաղվում տաքսիների լիցենզավորմամբ և մնացած բոլոր խնդիրներով»,-նշեց Գ. Սահակյանը:
Հանձնաժողովի մամուլի քարտուղարի խոսքով, եթե որևէ տնտեսվարող, հասարակական կազմակերպություն կդիմի հանձնաժողովին ու փաստեր կներկայցնի, որ իր գործունեությանը խոչընդոտում են, դեմպինգ է իրականացվում, ապա հանձնաժողովը կսկսի ուսումնասիրություն իրականացնել:
«Դեմպինգ ասվածը շատ լայն հասկացություն է: Այնպես չէ, որ մեկն աշխատում է մինիմալը 600 դրամով, մյուսը՝ 500 դրամով, դա նշանակում է դեմպինգ: Տաքսիների շուկան բավականին մրցակցային է Հայաստանում: Այդ շուկայում կան հարյուրավոր տնտեսվարողներ, եթե մեկը մյուսից 50 դրամով էժան է ծառայություն մատուցում, չի կարելի պնդել որ դեմպինգ է իրականացվում»,-ասաց նա:
Սահակյանն ասաց, եթե կլինի որևէ մեկը, ով կապացուցի, որ 600 դրամից ցածր գինը անխոհեմ է, ապա հանձնաժողովը կսկի ուսումնասիրել շուկան:
«Պաշտոնապես ասում եմ, որ հանձնաժողովը մրցակցային օրենսդրության խախտման վերաբերյալ որևէ փաստ, որևէ դիմում բողոք, որևէ ահազանգ որևէ մեկից չի ստացել»,-ասաց հանձնաժողովի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսելուն, ապա Գ. Սահակայնը նշեց, որ դա արվում է այն դեպքերում, երբ շուկայում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին