Պերմյակովի գործով Ռուսաստանը չի կարող պատասխանատվությունից խուսափել. Փաստաբան
Այսօր գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում, որը տեղի ունեցավ ՌԴ 102-րդ ռազմաբազայում, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրեցին, որ դատավոր Հարություն Մովսեսյանը ինքնաբացարկ հայտնի:
Գիտեք՝ գործով մեղադրյալը ՌԴ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է:
Հիշեցնենք՝ դատարանի նախորդ նիստում դատավորը որոշել էր մերժել իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով ներկայացրած քաղաքացիական հայցը, թեպետ դրանից առաջ այն վարույթ էր ընդունել, որոշվել էր թարգմանել:
«Aravot.am»-ի փոխանցմամբ, փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր դատարանում ասել է, որ «դատավորը կաշառված է, սպասարկում է ՌԴ-ի շահերը և ինքնուրույն որոշումներ չի կայացնում»:
Ըստ փաստաբանի, յուրաքանչուր իրավաբան ցանկացած որոշում ընթերցելիս հասկանում է, թե այդ տեքստը որտեղից է թելադրված ու հրահանգված. «Ես որպես այս համակարգում 20 տարի աշխատած մարդ՝ գիտեմ այդ տեքստը որտեղ կարող էր գրված լինել ու ով կարող էր գրած լինել: Ձեր որոշման մեջ դուք տարօրինակ հղումներ էիք կատարել, ինչից երևում էր, որ դուք քաղաքացիական հայցին ընդհանրապես չեք ծանոթացել, որովհետև քաղաքացիական հայցում բացահայտված են, թե ինչո՞ւ այս նիստի շրջանակներում տուժողներն իրավունք ունեն քաղաքացիական հայց ներկայացնեն, հղումները կատարված են Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից»:
Ըստ փաստաբան Սահակյանի, քաղհայցը մերժելու մասին որոշումը ցույց է տվել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում որևէ գործողություն ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որի զինվորը 7 քաղաքացու կյանք է խլել:
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը առարկել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության դեմ: Դատավորը հայտարարել է, որ միջնորդությն հետ կապված որոշումը կհրապարակվի հուլիսի 12-ին, առավոտյան:
Դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Երվանդ Վարոսյանը համոզմունք է հայտարարել, որ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատավորի որոշումը «կայացվելու է այն մարմնում, որտեղ կայացվել էր քաղաքացիական հայցը վարույթ չընդունելու մասին որոշումը»:
Փաստաբանական խմբի հետագա քայլերի մասին Վարոսյանը ձեռնպահ է մնացել մանրամասներ հայտնել և նկատել է.
«Չեն կարող պատասխանատվությունից խուսափել անձինք և չի կարող պատասխանատվությունից խուսափել պետությունը, որը հանգեցրել է այս ոճրագործությանը, որովհետև ծառայության 9-րդ օրը Ռուսաստանի համապատասխան զինված ուժերի ներկայացուցիչներին ակնհայտ է եղել, որ այս անձնավորությունը խնդիրներ ունի և նրան զենք չպետք է տալ, բայց փոխարենը նրան զորացրել են, 8 փախուստից հետո, այն պայմաններում, երբ արգելված է եղել նրան զենք կրելը, այնուամենայնիվ, տեղափոխել են Գյումրի, և նա հրազենով, միայնակ հայտնվում է ծառայությունում»:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի գործով դատավորը կաշկանդված է ՌԴ ռազմաբազայում գործը քննելով. փաստաբան
- Պերմյակովի գործով Հայաստանի դատարանը մերժեց Ռուսաստանի դեմ ներկայացված քաղհայցը
- Երկար ընդմիջումից հետո վերսկսվում է Պերմյակովի դատավարությունը