«Բաքուն ինչքան էլ ճկուն քաղաքականություն վարի, չի կարող հավասար ուժերով խաղալ Անկարայի և Մոսկվայի միջև»
Յոթ ամիս առաջ հայ հասարակությունը բերկրանք ապրեց, երբ վատթարացան ռուս-թուրքական հարաբերությունները, հիմա էլ հուսավախության մեջ է, երբ այդ հարաբերությունները կրկին վերականգնվում են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ըստ նրա, Թուրքիայի նախագահի ներողություն խնդրելը տեղի ունեցավ այն կատալիզատորներից հետո, որին ենթարկվեց Թուրքիայի ներքին, արտաքին քաղաքականությունը. «Տասնյակ տարիներ Թուրքիան ուզում է մտնել Եվրամիության կազմի մեջ, զրո արդյունք: Մեծ ձախողություններ ունի Թուրքիան իսլամական, արաբական աշխարհի ուղղությամբ: Թուրքիան լուրջ խնդիրներ ունի կապված քրդական հարցի հետ: Ինքնաթիռը խոցելուց հետո Թուրքիան այնպիսի տնտեսական, քաղաքական, բարոյական շիլաշփոթի մեջ հայտնվեց, որ սողեսող էլ կգնար Մոսկվա՝ շտկելու վիճակը»:
Դիվանագետը նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը դրական կամ բացասական որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա:
«Ընդհակառակը, կարծում եմ, որ գոնե սահմանի երկայնքով ապահովության, անվտանգության խնդիրներն ավելի կուժեղանան, որովհետև եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացի ամեն ինչից, անվտանգության հարցերի հետ պետք է շփվեն, տեռորիզմի դեմ պայքարեն, սահմանը պետք է որ ավելի ապահով լինի»,- ասաց Ա.Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության հարցին, նրա կարծիքով, որևէ առաջխաղացում չի լինի, Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ադրբեջանի հետ, նույն բարեկամական հարաբերությունները կմնան, կարող է մի փոքր ավելի ճկուն լինի Թուրքիան ԼՂՀ հարցերի ուսումնասիրման և հետագա զարգացման համար:
«Իմ կարծիքով՝ նվազում են Ադրբեջանի հնարավորությունները Ռուսաստանի հետ հետագա զարգացումների համար, որովհետև Բաքուն ինչքան էլ ճկուն քաղաքականություն վարի, չի կարող հավասար ուժերով խաղալ Անկարայի և Մոսկվայի միջև»,- ասաց նա:
Դիվանագետը նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ոչ մի լավ բան չի սպասում, չնայած, նրա խոսքով, ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժայի հայտարարությունները Երևանում ավելի դրական էին հայկական կողմի համար, քան կարելի էր սպասել:
Նման պայմաններում, ըստ Ա. Նավասարդյանի, Հայաստանի դիվանագիտությունը պետք է համակարգված մոտեցում ցուցաբերի:
«Հայաստանը պետք է շարունակի խաղալ երկու բլոկի մեջ՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի, որովհետև այլ ելք մենք չունենք: Հայաստանի բոլոր հնարավորությունը խոսում են այն մասին, որ այստեղ կարող ենք լուրջ դեր խաղալ, մեր գործոնները շատ ուժեղ են՝ ունենք քրիստոնեական եվրոպական արժեքներ, հանդիսանում ենք արևելյան քաղաքակրթության մասնակիցը, ունենք հզոր, ուժեղ ներուժ՝ սփյուռքը: Եթե ա աշխատացնենք բոլոր ուղղություններով, նույն բանն անենք Ռուսաստանի և Թուրքիայի մեջ, կարծում եմ՝ թուրք- ռուսական հարաբերութունների ներկա վիճակում,մենք միայն ու միայն կարող ենք շահել»,- ասաց Ա. Նավասարդյանը: