Այս ամեն ինչի մեջ տենում եմ երկկողմանի բիզնես շահ. Ճարտարապետը՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքի մասին
Վտանգված է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը։ Բազմաթիվ հայտարարություններ են արվում, թե վտանգավոր է այդ շենքը, քանդվում է, հնարավոր չէ արդիականացնել, քանի որ չի համապատասխանում միջազգային պահանջներին: Այդ ամենը բացարձակ սուտ է,- Ազատության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ, ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը:
Նա նշեց, որ ներկայացվել են տարբեր նախագծեր, ըստ որոնց հնարավոր է իրականացնել օդանավակայանի ժամանակակից արդիակացում:
«Բոլոր պնդումները, որ պետք է պահպանվի շենքն, անտեսվում են»,- ասաց Ա.Թարխանյանը:
Ակցիայի մասնակից ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ Հայաստանի Ճարտարապետների միությունը բազմաթիվ անգամ քննարկել է այս հարցը, հորդորել կառավարությանը, «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա- Միջազգային օդանավակայաններ» ընկերության նախագահ, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին ձեռնպահ մնալ կլոր շենքի ապամոնտաժման քայլից:
«Այս ամեն ինչի մեջ տենում եմ երկկողմանի բիզնես շահ՝ մեր կառավարության և Էռնեկյանի: Մշակութային հարցերն իրենց բոլորովին չի հետաքրքրում: Եթե այսպես շարունակվի, մենք ուղղակի կդառնանք բարբարոս ազգ, որը հպարտանալու ոչինչ չի ունենալու»,- ասաց Ս.Քալաշյանը:
Ակցիայի մասնակիցները՝ ճարտարապետներ, քաղաքացիները, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանում Արգենտինայի դեսպանատուն՝ դիմելով Արգենտինայի իշխանություններին իրենց քաղաքացուն կարգի հրավիրելու պահանջով:
Հիշեցնենք Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մասնագիտական շրջանակների և քաղաքացիական հանրության կարծիքն անտեսվել է». Ճարտարապետների միություն
- Պարզ եղանակով հնարավոր է արդիականացնել և շահագործել «Զվարթնոց»-ի կլոր համալիրը. Ճարտարապետ
- Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան
- Ժորժ Շեխլյանը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի վերագործարկման նախագիծը կոնցեսիոների հետ չի քննարկել
- Պետք է լինի հանրության և պետության կողմից հաստատված նախագիծ. Գրիգոր Ազիզյան
- Կոպիտ ասած, «Զվարթնոցի» սեյսմիկ վտանգավորության եզրակացությունը պատվեր է. Գ.Ազիզյան
- Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան