Պետք էր կտրել չարաշահողի ձեռքը, ոչ թե կասեցնել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը. Պատգամավոր
«Ես չեմ կարծում, որ կարելի էր ուսուցիչների և սոցծառայողների հաշվին բյուջեում ինչ-որ միջոցներ խնայել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով սոցփաթեթի հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցնելու մասին վարչապետի հայտարարությունը:
Թեպետ այս տարի հանգստացողների վրա այդ որոշումը չի տարածվում, բայց պատգամավորը անհրաժեշտ է համարում, որ կառավարությունը վերանայի այդ քայլը:
Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը, հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ կկասեցվի, քանի որ չարաշահումներ են հայտնաբերվել: Դա վերաբերում է 2017-19 թվականներին:
Մեր հարցին, թե կառավարությունում խոսում են ժամանակավոր կասեցման մասին, հնարավո՞ր է որ այդուհանդերձ, վերջնականապես կասեցվի, որովհետև այդպիսի մտավախությունների կան մարդկանց շրջանում, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, որովհետև հանգստի համար նախատեսված միջոցները իրոք, խիստ անհրաժեշտ են քաղծառայողներին, որոնք հնարավորություններ չունեն այլ երկրում հանգստանալու կամ երկրից դուրս գալու: Դա ընդամենը երկու-երեք օրվա հանգստի հնարավորություն է տալիս նրանց, որից չի կարելի զրկել քաղծառայողին: Չգիտեմ՝ ինչով է պայմանավցորված այդ որոշումը և եթե նույնիսկ ժամանակավոր է, վստահ եմ, որ պետք է այն վերականգնվի ու վերանայվի և ոչ մի դեպքում չկրճատվեն հանգստի համար նախատեսված սոցփաթեթի միջոցները»:
Պատրաստվո՞ւմ է պատգամավորը ինչ-որ քայլեր ձեռնարկել հանձնաժողովի շրջանակներում այդ խնդրին անդրադառնալու համար, պատգամավորը պատասխանեց. «Հանձնաժողովը, քանի որ ըստ էության, ոչ պաշտոնապես, բայց արդեն արձակուրդում է, չեմ կարծում, որ դրա միջոցով ինչ-որ բանի կհասնենք: Ավելին, վստահ չեմ, որ հանձնաժողովի նախագահը այդ առաջարկը օրակարգ կընդգրկի: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնց միջոցով կարող է քվեարկության դնել և օրակարգ չմտցնել: Բայց կարծում եմ, որ վարչապետը, կառավարությունը պետք է ականջալուր լինեն մեր մոտեցումներին և փորձեն այլ ձևով այդ միջոցները կարողանան խնայել: Բայց ոչ երբեք քաղծառայողի հաշվին»:
Պատգամավորի կարծիքով, չարաշահումները պետք էր բացահայտել և հետո միայն որոշել կասեցնել ծրագիրը, թեկուզ ժամանակավորապես. «Պետք է ուղղակի հասկանալ, թե չարաշահումն ում կողմից է արվում և կտրել այդ ձեռքը: Պետք էր գտնել չարաշահողներին, բայց ոչ պատժել այն ազնիվ քաղծառայողներին, որոնց, ըստ էության, այդ փաթեթը հնարավորություն է տալիս տարվա մեջ երկու օր հանգստանալ»:
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում ստուգումների համար ՎՊ-ն վերջնաժամկետ չունի
- Կարծում եմ՝ կարճաժամկետ պետք է լինի այս խնդիրը. Մանվել Բադալյանը՝ սոցփաթեթում «հանգստի» բաղադրիչի կասեցման մասին
- Արտեմ Ասատրյանը՝ սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցման մասին
- Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան