Իսպանիայում հայտնաբերվել է Անտուան դը Սենթ Էքզյուպերիի լրագրողական վկայականը
Իսպանիայում հայտնաբերվել է ֆրանսիացի հայտնի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի (1900-1944 թթ) լրագրողական վկայականը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ABC-ին:
Փաստաթուղթը գտել է գիտնական Պոլիկարպո Սանչեսը՝ իսպանական քաղաքացիական պատերազմի գլխավոր արխիվում՝ Սալամանկայում: Վկայականը ստանալու պահին գրողը 36 տարեկան է եղել: Նա պիրենեյան թագավորություն է մեկնել որպես ֆրանսիական Soir de Paris թերթի թղթակից, որպեսզի լուսաբանի պատերազմի ընթացքը: Փոքրիկ դեղնած վկայականի վրա նշված են Սենտ-Էքզյուպերիի անունը, ազգանունը, ծննդյան թվականը և գործունեության տեսակը, պահպանվել է գրողի լուսանկարը:
Անտուան դը Սենտ Էքզյուպերին ծնվել է Լիոնում: Նա եղել է գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու: Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է 180 լեզվով, այդ թվում նաև հայերեն: