Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կիրականացվի ամառային դպրոց 12-18 տարեկան դպրոցականների համար
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հուլիսի 11-ից օգոստոսի 31-ը կազմակերպում են ամառային դպրոց 12-18 տարեկան դպրոցականների համար: Այս մասին Panorama.am-ին հայտնում են ՁԻՀ-ից:
Ամառային դպրոցի նպատակն է դպրոցականներին ուսուցանել ծրագրավորման լեզուներ, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմական մտածողությունը, ամառային արձակուրդները կազմակերպել հետաքրքիր և արդյունավետ:
Դպրոցի ծրագրում ներառված են գրաֆիկական դիզայնի, ալգորիթմների (բլոկ-սխեմաներ), Python-ի, web ծրագրավորման (HTML, CSS), անգլերենի, հանրային խոսքի հմտությունների (հայերեն/անգլերեն տարբերակներ) դասընթացներ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ամառային դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկղմվելու զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ապահովում է ակտիվ շփում մշակույթի, սպորտի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ:
‹‹Հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մասնագետների մեծ պահանջարկը՝ կազմակերպում ենք այս Ամառային դպրոցը, որը հնարավորություն կտա բոլոր հետաքրքրված դպրոցականերին սովորել ծրագրավորում, ձեռք բերել տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, մոտ լինել տեխնոլոգիական աշխարհին: Մեր նպատակներից է նաև դեռևս փոքր տարիքից կողմնորոշել երեխաներին իրենց մասնագիտության ընտրության հարցում››,- նշում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Նելսոն Մամուլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան