Ս. Սաֆարյան. Երկու կողմն էլ տարանցիկ ճանապարհի համար վճար են պահանջելու
Լարսի անցակետի այլընտրանքային ճանապարհի մասին պաշտոնական հայտարարությունները Երևանում սկսվեցին ու վերջացան տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարությամբ: Վրաստան կատարած այցից հետո էլ Հարավային Օսեթիայի միջոցով տարանցիկ ճանապարհի հնարավորության մասին որևէ բան չասվեց:
Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ ռուսական կողմը քաղաքական նախապայմաններ է առաջ քաշել՝ առաջարկելով Հայաստանին ճանաչել Օսեթիային՝ որպես անկախ պետություն: Հայկական կողմից դեռ մեկնաբանություններ այս առնչությամբ չեն հնչել: Ըստ որոշ տեղեկությունների, ռուսական իշխանությունները Հայաստանին պատասխանել են, տարանցիկ ճանապարհի համար պետք է Վրաստանը բանակցությունների մեջ մտնի Հարավային Օսեթիայի իշխանությունների հետ:
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, որ Վրաստանը հենց այնպես սահմանի բացումը չի վաճառի Ռուսաստանին:
«Փաստացի՝ երկու կողմն էլ տարանցիկ ճանապարհի համար վճար են պահանջում՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Վրաստանը կվճարի Հարավային Օսեթիան ճանաչելով: Այս կտրվածքով, խնդիրը բարդ է և անլուծելի»,-ասաց Ս. Սաֆարյան, հիշեցնելով, որ կոնֆլիկտները լավագույն լծակներն են:
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, որ խնդրի լուծման համար Հայաստանը չէր գնա Հարավային Օսեթիայի իշխանություններին դիմելու քայլին:
«Ինչքան էլ գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդիրը կա, հայ-վրացական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն»,-ասաց Մինասյանը:
Հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումները, երբ Աբխազիայում բողոքի ակցիաներ են, իսկ մինչ այդ նախորդել են Ռուսաստանի կազմում ընդգրկվելու ցանկության բացակայության մասին հայտարարությունները, Սաֆարյանը նշեց, որ Ռուսաստանն անշուշտ փափագում է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի իր հետ միավորման խնդիրը լուծել, ինչպես եղավ Ղրիմի դեպքում:
Բայց քանի որ իր նկատմամբ իրականացված պատժամիջոցների տակից դուրս գալ չի կարողանում, հետևաբար, այս կտրվածքով, նրան այլ բան չի մնում, քան այս կիսասառած հակամարտություններն օգտագործել իր դիրքերն ամրապնդելու համար»,-նշեց քաղաքագետը:
Սաֆարյանը վստահ չէ, որ հանրաքվի արդյունքում բնակիչները կքվեարկեն Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին.«Մինչև հանրաքվեն շատ բան կարող է ազդել հանրային կարծիքի վրա»:
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումից հետո, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանն անցնելու է ագրեսիվ քայլերի, քանի որ Ռուսաստանը շատ հստակ հայատարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, մանավանդ Կովկասում, չի կարող ողջունվել Ռուսաստանի կողմից՝ ռազմական դոկտրինի համաձայն:
«Ցավոք սրտի, պետք է բավականին թեժ գործողություններ ակնկալել»,-ասաց նա:
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը տարածաշրջանում զարգացումները քիչ հավանական է համարում:
«Եթե լինեն էլ, ապա դրանք չեն մոտենա 2008-ի օգոստոսյան զարգացումներին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիայում նախագահի պաշտոնանկության վերաբերյալ հանրաքվե կանցկացվի
- Աբխազիա ժամանած զբոսաշրջիկները շտապ հավաքում են ճամպրուկները
- Հարավային Օսեթիայի միջով Հայաստան-Ռուսաստան տարանցիկ ճանապարհ չի լինի ՌԴ-ի միջամտությամբ
- Գագիկ Բեգլարյան. Վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար