«Մենք բոլորս քարացանք». «Զվարթնոց»-ի կլոր համալիրի, ճարտարապետների ջանքերի ու կոնցեսիոների պարտականությունների մասին
««Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի սխեմայով բազմաթիվ շենքեր մենք արդեն կորցրել ենք: Եթե նման շարունակություն լինի, նորից կկորցնենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ասուլիսին ներկա ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ օդանավակայանը Հայաստանի սեփականությունն է, այն չի նվիրվել կոնցեսիոներին, այլ տրվել է վարձակալության՝ պայմանով, որ նա անպայման բարվոք վիճակում պահի շենքը:
«Սակայն այս տարիների ընթացքում կոնցեսիոները կառուցեց նոր մասնաշենք, հրաժարվեց հին շենքից ու թողեց լքյալ վիճակում: Այս տարիների ընթացքում կոնցեսիոները որևէ ներդրում չի արել այդ շենքի պահպանման համար, պետությունն էլ գումար չի ներդրել, քանի որ բյուջեն այդ հնարավորությունը չունի»,- ասաց Ս.Քալաշյանը:
Նա նշեց, որ այս տարիների ընթացքում քննարկումներ են եղել, ճարտարապետները կոնցեսիոների ներկայացուցիչներին մանրասման ներկայացրել են, թե ինչ արժեք է ներկայացում այդ շենքը:
«Քար լռությամբ լսում էին, երբ ավարտեցինք մեր ասելիքները՝ սպասելով արձագանքին, ներկայացուցիչն ասաց, որ իրենք գիտեն, թե ինչ արժեք է ներկայացում շենքը: Մենք բոլորս քարացանք»,- նշեց ճարտարապետը:
Ս.Քալաշյանը հիշեցրեց, որ շենքի վերակառուցման, արդիականացման երկու-երեք նախագիծ կա, առանց քանդելու կարող են լուծել իրենց խնդիրը, սակայն երբեք չեն աշխատել կոնսեցիոների ճարտարապետների հետ՝ մշակելու վերջնական տարբերակը և պահպանելու ուղիներ գտնել համար, քանի որ նրանք հրաժարվել են բանակցել ճարտարապետների հետ:
Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության արձագանքին՝ այս խնդրի հետ կապված, Մ. Մինասյանն ասաց, որ արդեն մեկուկես տարի է ցուցակ են ուղարկել նախարարություն՝ առաջարկելով մի քանի կարևոր հուշարձան, այդ թվում նաև «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, ընդգրկել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն որևէ արձագանք չկա:
«Մասնավոր զրույցներում պարզապես անթաքույց ասում են, որ կառավարությունը հրահանգել է հուշարձանների պահպանության ցանկը չընդարձակել, քանի որ քաղաքաշինական գործունեության համար մեծ խոչընդոտ է»,- ասաց Սաշուր Քալաշյանը:
Հիշեցնենք Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս ամեն ինչի մեջ տենում եմ երկկողմանի բիզնես շահ. Ճարտարապետը՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքի մասին
- «Մասնագիտական շրջանակների և քաղաքացիական հանրության կարծիքն անտեսվել է». Ճարտարապետների միություն
- Պարզ եղանակով հնարավոր է արդիականացնել և շահագործել «Զվարթնոց»-ի կլոր համալիրը. Ճարտարապետ
- Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան
- Ժորժ Շեխլյանը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի վերագործարկման նախագիծը կոնցեսիոների հետ չի քննարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին