Սարգիս Խաչատուրյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվելու
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 130-ամյակին:
Ազգային պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակներում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև հնդկական ու պարսկական որմնանկարների ընդօրինակություններ: Ցուցահանդեսի համակարգողն է Գոհար Չեմենյանը:
Ցուցահանդեսը բացվելու է հուլիսի 22-ին:
Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի զանազան թանգարաններում, իսկ զգալի մասը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
Սարգիս Խաչատուրյանը ծնվել է 1886 թվականին Մալաթիայում: Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ինստիտուտում (1908 - 1911) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912 - 1914)։1915 թվականի Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։ Հովհաննես Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»։ 1917 թվականից անդամակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը։ Խորհրդային Հայաստանի առաջին փոստանիշերի հեղինակն է։
1920-ական թթ. 1-ին կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը: Խաչատուրյանը ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբըռնումներին, հատկապես՝ լրացուցիչ գույնի և լույսի դերի հարցում։ 1924 թվականին Վիեննայամ հրատարակել է «Արմենիա» ալբոմը։ Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը։ Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ գերիշխող է դարձել։ 1931 թվականին Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում։ 1934 թվականին հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը։
1937 թվականին Խաչատուրյանն առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի VI - XII դդ. վիմափոր տաճարների՝ արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը։ 1942 թվականին հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում։ Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը Խաչատուրյանի շնորհիվ հայտնություն եղան և հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը։ Խաչատուրյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոստանդնուպոլիսում, Փարիզում, ինչպես և Եգիպտոսի, Իտալիայի, Նիդերլանդների,Անգլիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում:
Երևանում 1971 թվականին ցուցադրվել են հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները (37), որոնք Խաչատուրյանի այրին՝ նկարչուհի Վավա Խաչատուրյանը, նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին։
Խաչատուրյանը մահացել է 1947 թ. Փարիզում: Աճյունը տեղափոխվել և 1977 թ-ի դեկտեմբերի 28-ին թաղվել է Երևանում։
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահից պաշտոնական կայքից: