«Ռեֆորմիստներ»-ը հռչակում ենք պետականամետ քաղաքական ուժ. Վահան Բաբայան
«Մենք հռչակում ենք պետականամետ քաղաքական ուժ, որը սատարելու է երկրում իշխանության կողմից իրականացվող բարեփոխումներին»,- նախքան «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը:
Նա նշեց, որ իրենք ռեալ պատրաստվելու են աջակցել Հանրապետության նախագահի և կառավարության իրականացրած բարեփոխումներին, փորձելու են հաջորդ տարի իրենց բարեփոխումների ծրագրով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել մասնակիցը դառնալ այն բարեփոխումների, որոնք այսօր արդեն սկսված են:
Վ. Բաբայանը վստահ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետո լինելու է բազմակուսակցական Ազգային ժողով, բարեփոխված Սահմանադրությունը տվել է հնարավորություն բոլորին մասնակից դառնալու երկրի բարեփոխումներին, կառավարմանը, քաղաքական դաշտում մտցնելու նոր փոփոխություններ:
«Մենք շարժվելու ենք այդ ճանապարհով»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ժողովուրդն արդեն հոգնել է ընդդիմադիր անվանումներից, նման կոչերից, որոնք արդյունք չեն տալիս:
Վ. Բաբայանն ասաց, որ իրենք պետք է աշխատեն երկրի տնտեսական զարգացման աջակացության վրա, կուսակցության գլխավոր խնդիրն է բարելավել երկրի, քաղաքացիների կյանքը, ապահովությունը, որպեսզի վաղվա ապագան քաղաքացիները տեսնեն ավելի վստահ, լավ, ավելի քաղաքակիրթ:
«Մենք համախմբել ենք երիտասարդների, ովքեր շատերը սովորել են արտերկրում, ուզում են ապրել և արարել Հայաստանում: Մեր կարգախոսն է «Քեզ համար, Հայաստան»»,- ասաց Վ. Բաբայանը:
Նա նշեց, որ կուսակցության բյուջեն ձևավորվելու է օրենքի համաձայն՝ հիմնականում անդամավճարների, նվիրատվությությունների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան