«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում լինելու են ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 11-15-ը Գաֆէսճեան քանդակների պարտեզում կկազմակերպվեն հայ անվանի կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի և Ալբերտ Յավրուրյանի ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր 20:30 կցուցադրվի ռեժիսոր Ֆրունզե Դովլայթանի «Բարև, ես եմ» ֆիլմը (օպերատոր՝ Ալբերտ Յավուրյան):
Հուլիսի 12-ին ցուցադրվելու է Դմիտրի Կեսայանցի «Ավդոյի ավտոն» (ժամը՝ 21:00-ին) և Էդմոնդ Քեոսայանի «Լեգենդ ծաղրածուի մասին» (ժամը՝ 21:35-ին) ֆիլմերը, հունիսի 12-ին՝ Է.Քեոսայանի «Լքված հեքիաթների կիրճը» (21:00-ին), հուլիսի 14-ին՝ Դ. Կեսայանցի «Զինվորն ու փիղը» (ժամը 21:00-ին), հուլիսի 15-ին՝ Դ.Կեսայանցի «Մեր պապերի քայելրգը» (ժամը՝ 20:00-ին) և Է.Քեոսայանի «Տղամարդիկ» (ժամը՝ 21:20-ին) ֆիլմերը:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ փառատոնի բացմանը, Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվել են կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը:
Կինոօպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Յավուրյանի (1935- 2007 թթ.) առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ կինոուսումն ավարտելուց հետո ստացել է նշանակում։ Շրջադարձային էր Ալբերտ Յավուրյանի համար 1964 թ., երբ Ֆրունզե Դովլաթյանի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձել է հայրենիք՝ «Բարև, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար: 1960-ական թվականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխանող և հայկական ընդգծված հասցե ունեցող այս կինոնկարի ստեղծմանն իր զգալի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը։ Այստեղ կիրառվեցին, այսպես կոչված, «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները։ Բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն այս ֆիլմի համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի(1967)։ 1991 և 1994 թվականներին Իրանում Ա.Յավուրյանը նկարահանել է երկու կինոնկար «Տովարիշչ» և «Զինապարտ», որը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «լավագույն օպերատորական աշխատանք»։ Ալբերտ Յավուրյանը տասնյակ խաղարկային և վավերագրական ֆիլմերում հանդես է եկել որպես բեմադրող օպերատոր «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկա», «Մենավոր ընկուզենի» և այլն։ Սերգեյ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին հրավիրել էր Ալբերտ Յավուրյանին. միասին նկարահանեցին «Աշուղ Ղարիբը», այնուհետև սկսեցին նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որը ռեժիսորի մահվան պատճառով մնաց անավարտ։
Կինոռեժիսոր, կինոդրամատուրգ Էդմոնդ Քեոսայանը (1936 1994 թթ.) աշխատել է «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում։ Համարվել է խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկը։ Քեոսայանի ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1965 թվականին նա էկրանավորել է Ա. Սաֆրոնովի «Խոհարարը»։ Ռեժիսորին փառք է բերել 1966 թվականին նկարահանված «Անորսալի վրիժառուներ» ժապավենը (Պ. Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վեպի հիման վրա)։ 1970-ականներին Էդմոնդ Քեոսայանը, աշխատելով «Հայֆիլմում», անդրադարձել է ազգային հայկական թեմատիկային՝ նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը»։ 1975 թվականին նա «Մոսֆիլմում» նկարահանել է «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացել է Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին։ 1977 թվականին նկարահանել է «Հուսո աստղ» կինոնկարը: 1982 թվականին Քեոսայանը նորից սկսել է աշխատել «Մոսֆիլմում»՝ նկարահանելով հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1982) և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» (1989) ժապավենները։ Ռեժիսորը միաժամանակ հանդես էր գալիս որպես իր ֆիլմերի սցենարների հեղինակ կամ համահեղինակ:
Կինոռեժիսոր, սցենարիստ, փաստագրական, կարճամետրաժ, լիամետրաժ և այլ ժանրերի ֆիլմերի հեղինակ Դմիտրի Կեսայանցի (1931- 2001 թթ) ի առաջին իսկ ֆիլմերը բախվել են խորհրդային սուր գրաքննությանը։ «Ավդոյի մեքենան» կարճամետրաժ ֆիլմը խիստ կրճատվել է և արդյունքում չցուցադրվել։ Հաջորդ՝ «Մարդն Օլիմպոսից» ֆիլմը, ցուցադրվել է սահմանափակ թվով կինոթատրոններում։ Տարիներ շարունակ գրաքննությունը մերժում էր նրա սցենարները և ֆիլմերը։ Սակայն չնայած պրոֆեսիոնալ բոլոր դժվարություններին՝ Կեսայանցին հաջողվել է նկարահանել մի շարք ֆիլմեր, որոնք դասվել են հայկական կինեմատոգրաֆի դասական գործերի շարքին։ Նրանց թվում էին՝ «Տերն ու ծառան» (1962), «Զինվորն ու փիղը» (1978), «Տանիքի ավտոմեքենան» (1980), «Հեծյալը, որին սպասում են» (1984), «Անիծվածները» (1991)։ Վերջին ֆիլմը հայկական կինեմատոգրաֆի պատմության մեջ դարձել է ամենադիտվածը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան