Ավստրալիացի բժիշկները հայտարարել են ՁԻԱՀ-ի դեմ հաղթանակի մասին
Ավստրալիայում ՁԻԱՀ-ով մահացածության դեպքերը կտրուկ նվազել են, ինչը թուլ է տվել տեղի բժիշկներին հայտարարել հիվանդության դեմ հաղթանակի մասին:
«Ավստրալիայում 20-րդ դարի վերջին տասը տարիների ընթացքում ամեն տարի շուրջ տասը հազար մարդ մահացել է ՁԻԱՀ-ից, սակայն բժիշկների աշխատանքը թույլ է տվել կրճատել հիվանդների թիվը»,- տեղեկացնում է «Russia Today»-ը:
«Այժմ մենք նույնիսկ հիվանդացության մոնիտորինգ չենք իրականացնում: Եթե մարդիկ ՁԻԱՀ-ով հիվանդ են, բուժում են անցնում և երբեք չեն հիվանդանում դրանով», -հայտարարել է Կիրբիի ինստիտուտի ՄԻԱՎ համաճարակաբանության վարչության ղեկավար, պրոֆեսոր Էնդրյուր Գրյուլիխը:
ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ով հիվանդացության վերջնական ստադիան է: ՄԻԱՎ-ը թուլացնում է իմունիտետը, ինչը անբավարար իմունիտետի պարագայում առաջացնում է ավելի ծանր հիվանդություն:
Նշվում է, որ մարդիկ կարող են ունենալ ՄԻԱՎ, բայց այդպես էլ չհիվանդանալ ՁԻԱՀ-ով: Այդուհանդերձ, չնայած ՁԻԱՀ-ի դեմ հաջողված պայքարին, ամեն տարի շուրջ 1000 ավստրալիացի վարակվում են ՄԻԱՎ-ով:
«Մարդիկ շատ հաճախ չեն իմանում, որ իրենք ՄԻԱՎ-ով հիվանդ են, և մենք բախվում ենք այն խնդրին, որ նրանց մոտ կամ ախտորոշում են ՁԻԱՀ կամ վարակը նրանց իմունային համակարգին ծանր վնաս է հասցնում:
Դա Ավստրալիայում ամենամեծ խնդիրն է, որը մենք փորձում ենք լուծել», -հայտարարել է Դոէրտի ինստիտուտի տնօրեն Շերոն Լևինը: