Մյասնիկյանի բնակիչները մեկը մյուսին են մխիթարում
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչները հավաքվել են գյուղապետարանի դիմաց ու անթիվ հարցեր են տալիս համայնքի ղեկավար Անդրանիկ Պետրոսյանին՝ «հիմա մենք ո՞նց ենք ապրելու», «ի՞նչ ենք անելու», «վարկեր ո՞նց ենք տալու», «երեխեքին ոն՞ց ենք պահելու»:
«Մեկս մյուսին մխիթարում ենք, հույս ենք տալիս, մինչև տեսնենք ինչ է լինում»,- Panorama.am-ին ասաց գյուղապետը:
Երեկ երեկոյան տեղացած առատ կարկուտից, այնուհետև սելավից տուժել է գյուղի ցանքատարածությունների 90 տոկոսը:
«Գյուղի 90 տոկոսը կարկտահարված է՝ խաղողը, պոմիդորը, բանջարաբոստանային այլ կուլտուրաները»,-նշեց Ա. Պետրոսյանը:
440 հա մակերեսով ցանքատարածությունները նախ վնասել է կարկուտը, հետո առատ անձրևի հետևանքով առաջացած սելավը սրբել տարել է մնացածը:
Գյուղապետն ասաց, ման է եկել դաշտերում, վնասի չափերի մասին հստակ տվյալներ ասել չի կարող:
«Երեկ տարածքային կառավարման նախարարն էր եկել, հիմա էլ կամիսիան է եկել, հաշվեն, տեսնենք, ինչ է»,-ասաց նա:
Տարածքային կառավարման նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի շուրջ 15 համայնքներ: Նախարար Դավիթ Լոքյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ եղել է Ակնալիճ և Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան