Երևանում մեկնարկել է կինոյի տոնը
Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ նախօրեին տրվել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Փառատոնի հյուրերն անցել են Կարմիր գորգի վրայով:
Նախքան փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է Ծիրանօրհեքի արարողություն, Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել են կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսոյանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղեր: Աստղերը բացել են կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:
Նշենք, որ փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Փառատոնի ժյուրին գլխավորում է հանրահայտ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Փառատոնային յոթ օրերին ներկայացվելու են մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկված շուրջ 135 ֆիլմ: Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ:
Փառատոնի հյուրերն են «Հարավսլավական սև ալիքի» ամենախոշոր և ակնառու ներկայացուցիչների մեկի՝ սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը, անվանի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը, ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթը և կինեմատոգրաֆիայի այլ հայտնի դեմքեր:
«Ոսկե ծիրան»-ը մեկ շաբաթ իսկական տոն է մատուցում կինոսերներին,Երևանի հյուրերին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին.
«Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:
Ուրախալի է, որ արդեն 13-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարևոր մշակութային իրադարձության կենտրոն: Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի և նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ: Ավելորդ չէ նաև կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին և նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է:
«Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև մասնագետների համար: Մշակութային-հոգևոր առումով այն նաև փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ և արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է: Ահա «Ոսկե ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը:
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը՝ մաղթելով հաջողություն և լեփ-լեցուն դահլիճներ, իսկ մասնակիցներին և հյուրերին՝ անմոռանալի տպավորություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում