Խանգելդյան. Եթե չլինեին խանգարող հանքամանքները, կրակը հնարավոր էր երկու անգամ ավելի շուտ մարել
Կենտրոնում նախօրեին բռնկված խոշոր հրդեհն ավելի շուտ հնարավոր կլիներ մարել, եթե չլինեին հրշեջների աշխատանքներին խանգարող հանգամանքները: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Եթե չլինեին խանգարող պատճառները, ապա հրդեհը կարելի էր մարել երկու անգամ ավելի շուտ: 2-3 տեղամասի փոխարեն մենք կծավալեինք 5-6 տեղամաս, այսպես ասած «թշնամուն» կշրջափակեինք մի քանի կողմից, ինչը հնարավոր չեղավ անել»,-ասաց նա, ավելացնելով, որ քամին էլ նպաստեց կրակի արագ տարածմանը:
Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեի 7-րդ հարկում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դժվարացրել է Էրեբունի հյուրանոցի առջևում փորված հսկայական հորանը: Փոսի եզրերը մոտեցված էին դեպի դալանի մուտքի մոտ, որտեղից պետք է ներս մտներ մեքենան: Փլուզման հնարավոր վտանգից խուսափելու համար հրշեջ մեքենաներն ավելի մոտեցնելու հրաման չի տրվել:
«Ոչ մեկ նման հրաման չէր կարող արձակել, քանի որ ծայրահեղ վտանգավոր վիճակ էր»,-ասաց Խանգելդյանը:
Նա ասաց, որ այս պահին էլ չգիտի՝ ով ու ինչ նպատակով է փոսն արել. Երևանում քիչ չեն այն շենքներն ու թաղամասերը, որտեղ, աստված մի արասցե, հրդեհի դեպքում փրկարարների աշխատանքը մի շարք դժվարությունների են հանդիպում:
«Պնդում եմ, որ արդի հայկական քաղաքաշինությունը դեռ շատ սյուրպրիզներ կբերի՝ հրդեհային անվտանգության ոլորտում»,-Տիգրան Մեծի հրդեհի մարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ քննարկումներից մեկում գրել է երևանցի ճարտարապետներից մեկը:
Խանգելդյանն էլ ասում է, որ նորակառույց շենքերից ավելի խնդրահարույց են հին թաղամասերը, օրինակ Կոնդն ու Սարի թաղը:
«Խնդիրը կա, երևույթը ցավոք սրտի գոյություն ունի: Սարի Թաղում ու Կոնդում որևէ նորմ պահպանված չէ, կան փողոցներ, որ հրշեջ մեքենան մտնում է, չի կարողանում դուրս գալ, այնքան նեղ է: Նման խնդիրները շատ են»,-ասաց Խանգելդյանը:
Նրա խոսքով, նորակառույց շենքերի պարագայում եթե չլինեն կրակմարիչներ, կամ էլ անվտանգության կանոնների պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապա դրանք շահագործման չեն հանձնվի:
Հակադարձելով ԱԻՆ ներկայացուցչին, ընդամենը երկու օրինակ նշենք, Կենտրոնի նորակառույց բարձրահարկ շենքերում կրակմարիչներ չկան, իսկ Արամի փողոցի բազմահարկ շենքի բակ կարելի է մտնել այս նեղ դռնով: «Աստված չանի», եթե հանկարծ կրակ բռնկվի, հրշեջներն ու տեխնիկան էլ չեն կարող իրավիճակը փրկել:
Քննարկումներում նաև անդրադարձ կար ԱԻՆ-ի անօդաչու թռչող սարքեր չունենալու խնդրին: Նշվում է, որ այդ սարքավորումների միջոցով կարելի է արագ պատկերացում կազմել բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի բարդության ու ծավալների մասին:
ԱԻՆ պաշտոնյան ասաց, որ նախարարությունում սարքավորման ձեռք բերելու ուղիներ ու գործընկեր կազմակերպություններ են փնտրում:
«Ճգնաժամային կենտրոնում նախարարի հրամանով հատկացվել է չորս հաստիք, որ կոչվում է անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված խումբ, դեռևս անցած տարվանից մենք գործընկերներ ենք փնտրում, այնպես չի, որ չենք զբաղվել, ստորաբաժանումն արդեն պատրաստ է»,-ասաց նա: