«Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքի ընդունման հարցում բացակայում է քաղաքական կամքը. Մ. Մաթոսյան
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով պետությունը պարտավորված է պաշտպանելու մարդու հիմնարար՝ կյանքի իրավունքն, որ այս դեպքում չի կատարվել: Ունենք մի ընտանիք, որում բազմաթիվ անգամ նման խնդիր է եղել, մի քանի անգամ դիմել են ոստիկանություն, կա դատավճիռ, որն ի կատար չի ածվել,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը՝ խոսելով հուլիսի 8-ին Երևանում տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ. կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Զ. Հովհաննիսյանի խոսքով, արդեն մի քանի անգամ բարձրաձայնել են «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքի ներդրման մասին, սակայն ձգձգվում է:
«Մի քանի անգամ նամակով դիմել ենք արդարադատության նախարարություն՝ ընդգրկվելու այն խմբում, որը նախապատրաստում է օրենքի նախագիծը: Ոչ մի արձագանք: Այդ անտարբերությունը, փակ համակարգի մեջ մնալը, սահմանազատումը՝ ՀԿ-ները մի կողմ, պետությունը մի կողմ, դատաիրավական համակարգը՝ մի կողմ, այսինքն խնդիրն այնպես չէ գնահատված, որպեսզի միասնական ջանք գործադրվի դրա լուծման ուղղությամբ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով, ոստիկանությունը շատ թափանցիկ է աշխատում, ոչ է ասում է բռնությանը, իր բոլոր լծակները, որոնք սահմանված են օրենքով, կիրառում է:
«Կիրառվել է նաև այս դեպքում»,- ընդգծեց նա:
Ն. Դուրյանն ասաց, որ այդ ընտանիքում վատառողջ մթոնոլորտ է տիրել. «Այս գործով մենք ունեցել ենք ութ ամփոփագիր, դեպքեր են եղել, երբ կինն է ահազանգել, որ ամուսինը ծեծում է իրեն և մայրիկին, դեպքեր են եղել, երբ ամուսինն է ահազագել, որ կինն ու նրա մայրը իրեն են ծեծում: Բոլոր ահազանգերով ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես գնացել է դեպքի վայր, ընթացք է տրվել»:
Խոսելով օրենքի մասին, Ն. Դուրյանը տեղեկացրեց, որ կա միջգերատեսչական խումբ, որ աշխատում է ընտանեկան բռնության օրենքի վրա:
«Կանանց աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարո Մաթոսյանն ասաց, որ օրենքի ընդունման հարցում չկա քաղաքական կամք, քանի որ օրենքը պահանջում է կանգարխելում, ինչը ենթադրում է ապաստարաններ:
«Այսինքն՝ ֆինանսի հետ է կապված: Դրա համար ձգձգում են այս ամբողջ պրոցեսը»,- նշեց նա:
Ըստ Մ. Մաթոսյանի, «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքը կօգնի փոխել մարդկանց մտածելակերպը, որ ընտանեկան բռնությունը քրեական հանցագործություն է: