«Հայաստանում շոկոլադ ասվածը դեռ շատ հեռու է շոկոլադ լինելուց»
Այսօր աշխարհում նշվում է Շոկոլադի միջազգային օրը: Օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ շոկոլադի սպառման առումով առաջին տասնյակում են Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Շվեյցարիան, Կանադան:
Ըստ նրա՝ շոկոլադի սպառումն ուղղակիորեն կապված է երկրի բարեկեցության և զարգացվածության հետ. «Առաջատար երկրներում տարեկան մեկ շնչին ութ-ինը կիլոգրամ շոկոլադ է բաժին ընկնում»:
Ինչ վերաբում է Հայաստանին, նրա տեղեկացմամբ, շոկոլադի սպառման ծավալները փոքր են, իսկ դրա հիմնական պատճառը վճարունակության խնդիրն ու որակն է. «Ցավոք սրտի մեզ մոտ բարձրակարգ շոկոլադ շատ քիչ կա, դա կամ ներմուծվածն է կամ էլ շատ հազվադեպ են տեղական լավ որակի շոկոլադներ արտադրում: Պակասում է գնողունակությունն ու գնողների քանակը»:
Բանախոսը հավելեց՝ «շոկոլադը պետք է ուտել, ոչ թե շոկոլադի մասին խոսել»:
Հանդիպմանը ներկա մանկաբույժ, հոգեբան Արմեն Բեջանյանն էլ նշեց, որ չկա երկրագնդի վրա մի բան, որ միայն դրական լինի, և ինչպես մնացած բոլոր սննդամթերքներն, այնպես էլ շոկոլադը ունի դրական և բացասկան կողմեր՝ կախված դրա օգտագործման ձևից ու քանակից. «Շոկոլադը դարձնել այն միակ և եզակի սննդամթերքը, որը կփրկի մեզ ամեն ինչից՝ գերգովազդ է»:
Ըստ նրա՝շոկոլադի օգտագործումը որպես սթրեսի և դեպրեսիաների դեմ պայքար միշտ չէ որ ճիշտ է. «Օրինակ, եթե դեպրեսիան առաջացել է ավելորդ քաշ ունենալու պատճառով, ապա որքան է ճիշտ շոկոլադի օգտագործումը»:
Հոգեբանը նույնպես համաձայնվեց սպառողների իրավունքների պաշտպանի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանում շոկոլադ ասվածը դեռ շատ հեռու է շոկոլադ լինելուց. «Այստեղ մենք լուրջ խնդիր ունենք: Գիտենք, որ հաճախ սննդամթերիք մեջ օգտագործվում են կախվածություն առաջացնող նյութեր, որոնք լուրջ հոգեբանական խնդիրներ են ի հայտ բերում»:
Սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանն էլ մեծ սխալ համարեց սննդաբանների, դիետոլոգների կողմից շոկոլադ ուտելու արգելքը, քանի որ, ըստ նրա, այն ունի թե ֆիզիկական, թե հոգեբանական կարևորություն առողջության համար. «Պարզապես պետք է իրարից զատել դրա օգտակարության և կալորիականության աստիճանը և ինչպես ցանկացած մթերքում, պետք է կարողանալ գտնել ոսկե միջինը: Շաքարի պարունակության առումով երեխաներին կարելի է ավելի ազատ թողնել, քանի որ նրանք շատ շարժուն են, շատ էներգիա են ծախսում, բայց որպեսզի նա չչարաշահի դա, պետք է ծնողը չսովորեցնի ավելի քանակի»:
Մասնագետի դիտարկմամբ՝ իսկական շոկոլադ իրավունք ունի կոչվելու միայն դառը շոկոլադը, իսկ այն, որն իր մեջ պարունակում է կանթնամթերք, դա կոչվում է շոկոլադային արտադրություն:
«Իսկական շոկոլադի կազմում լինում է միայն կակաոյի զանգված, շաքար և ջուր, կարող է լինել նաև լեցիտին, բարձրորակ շոկոլադի մեջ ուրիշ բաղադրիչներ չպիտի լինեն: Քաշ կորցնելու, խոլեստերինի նվազման համար պետք է ուտել մաքուր, դառը շոկոլադ: Նման շոկոլադ չափի մեջ կարող են օգտագործել անգամ շաքարային դիաբետ ունեցողները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան