«Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ընդգրկված է Դավիթ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակով» խաղարկային ֆիլմը: Այն պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևականության և երազների մասին է: Լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսոր Դ.Սաֆարյանն ասաց, որ ֆիլմի հիմնական իմաստն այն է, որ երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, մարդուն շատ դժվար է իր մարդկային դեմքը պահպանել:
«Փառք Աստծո, մենք դա կարողացել են անել: Հեշտ չի եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ ուժեղ ֆիլմ է իր ուժեղ էպիզոդներով:
Ֆիլմը նաև «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» անունն ունի:
«Թե ներսի, թե դրսի դիստիբյուտրներն ասացին, որ երկու ժամից ավելի է ֆիլմը, պետք է կրճատել: Մտածեցի, որ քսան տարուց ավելի տևած իմ աշխատանքն ավելի լավ է ես փչացնեմ: 26 րոպեով կրճատեցի ու նոր անվանում տվեցի»,- ասաց Դ.Սաֆարյանը:
Նա տեղեկացրեց, որ ֆիլմի երկու տարբերակն էլ ձեռք է բերել Հոլանդիայի կինոթանգարանը:
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Դավիթ Սաֆարյանը և Յանա Դրուզը: Ֆիլմում նկարահանվել են՝ Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը:
Դավիթ Սաֆարյան (ծն. 1952) 1975-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1972-78 թթ. հեռուստաթատրոնի դերասան է եղել, ապա վավերագրական ֆիլմերի ստուդիայում աշխատել որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր: 1983-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): 1983-ից որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1991-ին Դավիթ Սաֆարյանը Փարիզի Ֆրանսիական ֆիլմադարանում իր կինոնկարների հատուկ ցուցադրություն է ունեցել և 1991-ից այդ ֆիլմադարանի գլխավոր ժողովի անդամ է: 1995-2001 թթ. ORB/SFB/RBB գերմանական հեռուստաընկերությունների համար վավերագրական ֆիլմաշար է ստեղծել հայ մշակույթի և պատմության մասին: 1996-ին Ֆրանսիական ֆիլմադարանի 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 1999-ին Բեռլինում կայացել է նրա ֆիլմերի ընտրանու մեկշաբաթյա ցուցադրություն: 2001-02 թթ. Դավիթ Սաֆարյանը հրավիրվել է դասավանդելու Քասելի համալսարանի (Գերմանիա) կինոյի և հեռուստատեսության բաժնում: 2002-ին հիմնել է Studio DS կինոարտադրության և արվեստի զարգացման հիմնադրամը: 2003-07 թթ. եղել է Քասելի համալսարանի պրոֆեսոր, կինոյի և հեռուստատեսության բաժնի համաղեկավար: 2001-ից հեղինակում է «Ականավոր դեմքեր. 20-րդ դարը և դարերի փոփոխությունը» դիմաշարը՝ օգտագործելով բացառիկ վավերագրական կադրեր Մարսել Մարսոյի, Հովաննես Պողոս 2-րդի, Քշիշտոֆ Պենդերեցկու մասնակցությամբ:
Ֆիլմացանկ
Կոչում (1975), Իմ երկինքը, իմ հողը (1976), Մեքենավարը (1981), Բժիշկը (1982), Կրա՛կ (1983), Անտառը (1985), Գարնանամուտ (1987), Նվիրում (1988), Ջերմության կարոտ (1990), Կորսված դրախտ (1992), 131-րդ կաթողիկոսը (1995), Սուրբ ծնունդ (1996), 1700 (2001), Սպասում (2002), Օրորոցային (2002), 28:94 տեղական ժամանակով (2015), Շորժա կղզի (2016), Չեմպիոնը (2016), Տաք երկիր, ցուրտ ձմեռ (2016):
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մեկնարկել է կինոյի տոնը
- Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան