Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի բողոքի ակցիաները Երևանում կվերսկսվեն
Հայազգի գործարար, խարդախության համար դատապարտված Լևոն Հայրապետյանը գտնվում է «Մատրոսկայա տիշինա» բանտի բուժկետում և նրա առողջական վիճակը բավականին ծանր է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրապետյանի աջակցության համար ստեղծված նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Հայկազ Մակարյանը:
Նա փոխանցեց, որ Հայրապետյանը, որը ժամանակին Արցախին մեծ ֆինանսական օգնություն է ցուցաբերել, ունի հիվանդությունների փունջ՝ նորագոյացություններ, շաքարային դիաբետ, տարել է ինֆարկտ, մի քանի ինսուլտ:
Իրավաբանը ասաց, որ ՌԴ քրեակատարողական իրավունքի, և ընդհանրապես քրեական իրավունքի մի քանի հոդվածներով հստակ սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում անձին ազատազրկում չի կարելի, և Հայրապետյանի հիվանդություններն այդ ցանկում կան:
«Բանտային պայմանները հակացուցված են նման հիվանդությունների համար», -ասաց իրավաբանը:
Նրա փոխանցմամբ, «Բուտիրկա» բանտում պայմանները «անմարդկային» են եղել. քնել են հերթափոխով, կիսատանջված վիճակում բերել են դատարան շղթայակապ ու տարել: Այդ ամենը, ըստ բանախոսի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է՝ «արդար դատաքննության իրավունք»:
Ներկայացնելով քրեական գործի բնույթը, Մակարյանն ասաց, որ յուրացման և շորթման մեղադրանքները Հայրապետյանի նկատմամբ, վերացվել են և այժմ միայն խարդախության համար է գործարարը մեղադրվում:
«Իբրև թե նախկին պաշտոնյա, նահանգապետ Իգոր Իզմեստևի մայրիկից վերցրել է 700 հազար ԱՄն դոլար տղային բանտից հանելու համար ու չի արել: Լևոն Հայրապետյանը, սակայն, բացարձակապես հերքում է և դրա համար ունի հստակ ապացույցներ», -հայտարարեց իրավաբանը:
Նա կարծում է, որ Լևոն Հայրապետյանի վերաբերյալ հարցը պետք է ընդգրկել Հայաստանի ազգային ժողովի օրակարգ. «Ամեն մի պատեհ ու անպատեհ առիթով գրողի տարած հարցեր մտցնում են Ազգային ժողովի օրակարգ, կներեք, մի՞թե մարդու մասին չէ խոսքը, այն մարդու, որին մեծագույն համակրանքով է վերաբերվել ԱՄՆ նախագահը, արքայազն Չարլզը: Պետք է պատգամավորները քննեն հարցը և համապատասխան ստորագրությամբ հայտարարություն ուղարկեն ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին ու պահանջեն պետական մակարդակով այս հարցին լուծում տան»:
Մակարյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությունը վերսկսելու է Երևանում ի պաշտպանություն Հայրապետյանի կազմակերպող բողոքի ակցիաները:
«Ցույցերը պետք է վերսկսել, ես նույնիսկ պատրաստ եմ մինչև ՌԴ դեսպանատան դիմաց նստացույց անցկացնելուն: Նստացույցը լինելու է այն պահանջով, որ սթափվեն», -հայտարարեց Մակարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ բողոքի ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, մինչ Լևոն Հայրապետյանը վայրէջք չկատարի «Զվարթնոց» օդանավակայանում և մարդիկ նրան չընդունեն որպես յուրային:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հայրապետյանի դատավճիռը ճանաչվել է օրինական
- Դատարանը ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի վճռի օրինականությունը
- Լևոն Հայրապետյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը. «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում