Սերժ Սարգսյան. Ինձ համար ամենակարևորն այն է, որ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահոված լինի
«Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներին է, թե ինչպիսի կարգավիճակ նրանք կուզենան ունենալ՝ լինեն անկախ պետությո՞ւն, թե՞ միացած լինեն Հայաստանի Հանրապետությանը»:
Արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահոված լինի, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապրելու իրենց պատմական հայրենիքում: Այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս, որևէ մեկի համար այդ առումով հիմա կասկած չկա»,-ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով` եթե ինչ-որ չար կատակով ընդամենը մեկ օր Ղարաբաղը հայտնի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա:
«Այնպես որ ամենակարևորն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից: Մենք կողմնակից ենք այն բանին, որ ԼՂ ժողովուրդն ինքը որոշի իր կարգավիճակը, այնպես ինչպես տեղի է ունենում ամբողջ աշխարհում»,-ասել է ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, եթե ինքնորոշումը հարգելի և ամենահիմնական իրավունքներից չլիներ, ապա ՄԱԿ-ն այսօր կազմված կլիներ 60-70 երկրներից:
«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ մարդկանց որևէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»,-ասել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել հունիսի վերջին Երևանում: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն: Այն հեռուստաընկերության յութուբյան էջում հրապարակվել է հուլիսի 11-ին:
Հեռուստաընկերության ներկայացուցչի խնդրանքով ՀՀ Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, արդի մարտահրավերներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանը, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ԼՂ հակամարտության նախապատմությանը, կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու միջնորդական ջանքերին, սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, փախստականների խնդրին և մի շարք այլ հարցերի: