Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի նախալեռներում նախօրեին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել.«Ժողովուրդ»
Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի նախալեռներում նախօրեին տեղացած հուժկու կարկուտը մի քանի տասնյակ գյուղերի պտղի և բանջարեղենի բերքը հիմնովին ոչնչացրել է: Միայն Արմավիրի մարզում տուժել է 47 գյուղ, Արագածոտնի մարզի տուժած գյուղերի վերջնական թիվը դեռ չի հրապարակվել, սակայն նախնական հաշվարկներով՝ 20-ից ավել համայնք էլ այս մարզում է տուժել:
Նշենք, որ սա այս տարվա ընթացքում արձանագրված արդեն երրորդ դեպքն է, երբ կարկուտի պատճառով գյուղացիներն իրենց բերքը կորցնում են: Մայիսի 18-ի կարկուտից հետո, որի արդյունքում Արմավիրի մարզի՝ մոտ երկու տասնյակ գյուղեր էին տուժել, պաշտոնապես հայտարարվեց, թե իբր հակակարկտային կայանները չեն գործել: Այժմ էլ ասում են՝ կայանները գործել են, բայց կարկուտն այնքան հզոր է եղել, որ դրանք անզոր են եղել որևէ բան փոխել: «Հակակարկտային կայաններն աշխատել են, բայց արդյունավետությունը 0 տոկոս է եղել: Քանի որ ամպը հզոր է եղել, աղետալի, դրա համար էլ վնասներ է հասցրել»,- «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը լրջագույն խնդիրներ ունի, որոնք սովորական պայմաններում նկատելի չեն: Ինչու, բացատրենք: Տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվել հակակարկտային կայանների տեղադրման և սպասարկման վրա, իսկ այսօր պարզվում է, որ դրանք անզոր են հուժկու կարկուտներից պաշտպանել: Այդ դեպքում ինչո՞ւ են պետական միջոցները վատնել, ինչու՞ այդ գումարներով այնպիսի համակարգեր չեն ստեղծել. Որոնք իսկապես գյուղացուն կպաշտպանեին աղետներից: Գուցե ժամանակն է եվրոպական փորձը ներդնելու. ցանքատարածքներն անհրաժեշտ է ցանցապատել. այդպես ավելի էֆեկտիվ կլինի: Եթե, իհարկե, գյուղնախարար Սերգո Կարապետյանը անկեղծորեն է մտահոգվում գյուղացիների խնդիրներով, այլ ոչ թե միայն տեսախցիկների առջև:
Իսկ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը միակ փրկությունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին