Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության հայց է ներկայացվել դատարան
«Արմենիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումներից մեկով եթեր հեռարձակված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի մասին նյութի հիման վրա Սեֆիլյանի պաշտպանները հուլիսի 11-ին դիմել են դատարան՝ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը վիրավորելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«Կոնկրետ այդ հաղորդման մեջ նշվում էր, որ պատերազմական գործողությունների ժամանակ մեկ անձ մահացել է, մյուսն էլ վիրավորվել է ու նրան թողել են պատերազմի դաշտում: Բայց չի նշվել, որ բազմաթիվ անձինք են վիրավորվել, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, այն աստիճան, որ հնարավոր չի եղել տեղաշարժվել:
Ժիրայր Սեֆիլյանը ազատամարտիկի վիրավորվելու մասին, որի մասին խոսվում է նյութում, ժամեր անց է իմացել: Այսինքն՝ նա չի էլ իմացել այդ մասին: Նյութից տպավորություն է ստեղծվում, որ Ժիրայր Սեֆիլյանը իր զինվորին թողել է մարտի դաշտում, միայնակ՝ չկատարելով հրամանատարի պարտավորությունները», -ներկայացրեց փաստաբան Հայրապետյանը՝ ընդգծելով, որ զրպարտություն են այն տեղեկությունները, որոնք վիրավորում են անձի պատիվն ու արժանապատվությունը:
Նա նկատեց նաև, որ նյութը պատրաստած լրագրողները չեն զանգել և Ժիրայր Սեֆիլյանից չեն ճշտել իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները:
Պաշտպանը դիմել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Պաշտպանական կողմը պահանջում է պարտավորեցնել «Արմենիա» հեռուստաընկերությանը և մեկնաբանին ու լրագրողին ներողություն խնդրել Սեֆիլյանից, հրապարակել հերքում նույն ձևաչափով:
«Բարոյական վնասի պահանջ չի ներկայացվել: Խորհրդակցել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ և նրան չի հետաքրքրում դրամական փոխհատուցումը: Դա պատվին և արժանապատվությանը հասցված լուրջ վնաս է», -հավելեց Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան