«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Մոսկովյան ռեստորաններից մեկի սեփականատիրոջից շորթմամբ 8 մլն ռուբլի գումարին տիրանալու համար Զախարի Կալաշովին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը:
«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, այդ քրեական գործի շրջանակներում ձերբակալվածը Զախարի Կալաշովն է, որը քրեական հեղինակություն է (օրենքով գող) և ավելի շատ հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով:
Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել է, որ այդ գործով ձերբակալված են երկու տղամարդիկ՝ մեկը 63 տարեկան, մյուսը՝ 42: Ըստ աղբյուրի, նախաքննությունը հիմքեր է ունեցել ենթադրելու, որ կազմակերպված խումբը գործել է ձերբակալվածներից մեկի հրահանգով:
Վոլկը նաև նշել է, որ կասկածյալին մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի հենց «շորթում» հոդվածով, որի շրջանակներում նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:
«Իրավապահ մարմիններում աղբյուրը պնդում է, որ խոսքը Զախարի Կալաշովի մասին է», -նշում է լրատվամիջոցը: