Հերիքնազ Գալստյանի մասին պատմող «Նախնիների անհետացող ստվերները» ֆիլմի երևանյան պրեմիերան՝ այսօր
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում այսօր կայանալու է Մարիամ Օհանյանի «Նախնիների անհետացող ստվերները» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմը պատմում է հայ ճանաչված քանդակագործ Հերիքնազ Գալստյանի մասին:
«Ես այս ֆիլմը նկարահանել եմ մինչև Հերիքնազ Գալստյանի մահը: Մենք միասին գնացել էինք Վարագավանք: Այնտեղ նա աշխատում էր: Ամբողջ ընթացքը ես նկարել եմ: Ֆիլմում մենք ականատես ենք դառնում «Նախնիների անհետացող ստվերները» ստեղծագործության ծննդին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Օհանյանը:
Նրա խոսքով, Հ. Գալստյանը տապանաքարերի վրա կավ էր կպցնում, տուշով նկարում, գունավորում, այնուհետև դաջում կտորի վրա՝ այդպես ստանալով «Նախնիների անհետացող ստվերները» ստեղծագործությունները:
«Հերիքնազ Գալստյանն իր ստեղծագործություններում մշտապես անդրադարձել է մեր պատմությանը, ավանդականին՝ մատուցելով նորովի: Վարագավանքում այդ տապանաքարերը քայքայվում են, այսօր կան, վաղը հնարավոր է չլինեն: Այդ միջոցով արվեստագետը նաև հրավիրում էր ուշադրությունն այդ խնդրի վրա»,- նշեց Մ.Օհանյանը:
Ֆիլմը 2015-ին մասնակցել է Մոսկվայում կայացած «Ճաճանչափայլ հրեշտակ» փառատոնին, իսկ այս տարի աշնանը ներկայացվելու է Ճապոնիայում կայանալիք փառատոնին:
Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը ծնվել է 1959 թ. Երևանում: 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը, Արա Հարությունյանի արվեստանոցը։ Մասնակցել և կազմակերպել է բազում խմբակային ցուցահանդեսներ։ Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
«Քարը, ծառն ապրում են: Գիտությունն է դա հաստատում: Ամեն մեկն իր ճակատագիրն ունի, կյանքը: Եթե քո աշխատանքներում կարողանում ես ճիշտ դասավորել այդ ամենը, օգնում են քո ասելիքը տեղ հասցնելուն»,- խոսքերի հեղինակն է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը:
Արվեստագետը մահացել է 2015 թ. հունվարի 16-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը
- Քարե ու փայտե խորհրդանիշների ու արձանիկների միջոցով ցանկանում է արտահայտել իր համոզմունքը ...Հերիքնազ Գալստյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի